Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է, ուստի դրա առողջությունն ու երիտասարդությունը պահպանելու համար հարկավոր է հոգ տանել դրա մասին ոչ միայն արտաքին օգտագործման միջոցներով, այլև համապատասխան սննդարար նյութերով։ Մաշկային խնդիրներից խուսափելու և առողջ ու երիտասարդ մաշկ ունենալու համար հարկավոր է առաջին հերթին հետևել սննդակարգին, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդամթերքի այն տեսակները, որոնք առավել մեծ ազդեցություն են ունենում մաշկի վրա՝ օգնելով խուսափել վաղաժամ կնճիռներից ու մաշկային խնդիրներից։
Ջուր
Ջուրն անփոխարինելի միջոց է մաշկային ամենատարբեր հիվանդությունների դեմ պայքարում, ուստի զարմանալի չէ, որ այն դասվում է մաշկի համար ամենաօգտակար սննդամթերքի տեսակների շարքին։ Հարկ է հիշել, որ առողջ ու երիտասարդ մաշկ ունենալու համար հարկավոր է օրական առնվազն 2 լիտր մաքուր ջուր խմել։
Կանաչ թեյ
Կանաչ թեյը, ինչպես և ջուրը, մաքրում է օրգանիզմը բջջային մակարդակով, ուստի շատ կարևոր է մաշկի համար։ Բացի այդ, այն նաև օժտված է հանգստացնող հատկություններով, ինչի շնորհիվ մեղմում է օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացները։ Սա այն միակ հեղուկն է, որով կարելի է մասամբ փոխարինել օրվա ընթացքում օգտագործվող ջուրը։
Ձուկ և միս
Ձուկն ու միսը պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ ու միաժամանակ շատ քիչ քանակությամբ ածխաջրեր, ինչը դրական ազդեցություն է ունենում ոչ միայն մաշկի բջիջների, այլև ամբողջ օրգանիզմի առողջության վրա, ուստի սննդամթերքի այս տեսակները հարկավոր է անպայման ներառել սննդակարգում
Հացահատիկներ ու ընկույզներ
Տարատեսակ հացահատիկներն ու ընկույզները ևս շատ կարևոր են մաշկի համար, ուստի դրանք ամեն օր քիչ քանակությամբ օգտագործելը պարտադիր է։ Նման մթերքի գործածությունը թույլ կտա պահպանել բջիջների թարմացման գործընթացը բավարար մակարդակի վրա, ինչն էլ կօգնի պահպանել երիտասարդությունը։
Ձիթայուղ
Ձիթայուղը համարվում է ամենաօգտակար ու սննդարար յուղերից մեկը, որը կարելի է կիրառել ոչ միայն աղցանների մեջ, այլև որպես բնական դիմակների օգտակար բաղադրիչ։ Այս յուղը պարունակում է հսկայական քանակությամբ A և E վիտամիններ, որոնց շնորհիվ մաշկին առաձգականություն է հաղորդում և օգնում է պահպանել երիտասարդությունը։