Ավելորդ քաշը բավական տհաճ ու տարածված խնդիր է, որից ազատվելու համար մարդիկ սովորաբար դիմում են խիստ սննդակարգերի ու հատուկ մարզումների օգնությանը, սակայն նման մեթոդները ոչ միշտ են արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ որոշակի առողջական խնդիրների պատճառ են դառնում։ Այնուամենայնիվ մասնագետները վստահ են, որ իրականում ցանկալի արդյունքին հասնելու համար շատ մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ մի քանի պարզ կանոնին հետևելու դեպքում կարելի է շատ կարճ ժամանակահատվածում ազատվել զգալի ավելորդ քաշից ու կարգի բելեր կազմվածք առանց մեծ ջանքեր գործադրելու։
Մասնագետների խոսքով՝ ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում առանցքային դեր է խաղում հասարակ մաքուր ջրի գործածությունը, ինչի մասին շատերը մոռանում են։ «БелНовости» պորտալը ներկայացրել է ջրի գործածության երեք պարզ կանոն, որոնց հետևելը թույլ կտա նվազեցնել քաշն առանց խիստ սահմանափակումների ու ինտենսիվ մարզումների։
Բավարար քանակությամբ ջուր խմել
Օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր չխմելու անհրաժեշտության մասին մոռանալը հանգեցնում է նյութափոխանակության գործընթացների դանդաղման, ինչի հետևանքով էներգիա ստանալու համար քիչ ճարպ է այրվում։ Օրգանիզմին անհրաժեշտ քանակությամբ հեղուկով ապահովելու համար կարելի է օգտվել մասնագետների առաջարկած պարզ բանաձևից։ Պարզապես հարկ է հիշել, որ մարմնի զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց հարկավոր է օրական 30 մլ մաքուր ջուր խմել։
Ջուր խմել արթնանալուն պես
Առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելը ևս մի հիանալի հնարք է, որը թույլ է տալիս առաց մեծ ջանքեր գործադրելու ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Առավոտյան անմիջապես արթնանալուն պես մեկ-երկու բաժակ գոլ ջուր խմելը վերականգնում է օրգանիզմում հեղուկի անհրաժեշտ մակարդակը, որը մարդը որոշակիորեն կորցնում է քնի ժամանակ։ Բացի այդ, ջուրը խթանում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը, ինչը ևս նպաստում է քաշի նվազմանը։
Ջուր խմել սնվելուց առաջ
Սնվելուց առաջ ջուր խմելու սովորությունը թույլ է տալիս ավելի քիչ ուտել, ինչն էլ օգնում է խուսափել ավելորդ կալորիաների գործածությունից։ Սա լավագույն միջոցն է ավելորդ սնունդ ու կալորիաներ օգտագործելու սովորությունից ազատվելու համար։ Ցանկության դեպքում կարելի է ջրին հատապտուղներ, ցիտրուսային մրգեր կամ վարունգ ավելացնել, ինչը կօգնի հաճելի համ հաղորդել ըմպելիքին և դարձնել այն էլ ավելի օգտակար։ Նման հավելումները հարստացնում են ջուրն օգտակար վիտամիններով ու հանքանյութերով, որոնք նույնպես կարող են իրենց ազդեցությունն ունենալ քաշի նվազման գործընթացի վրա։