Մաշկն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար մարդիկ սովորաբար արևապաշտպան քսուքներ են օգտագործում, որոնք զտում են վնասակար ճառագայթները, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ նման քսուքները կիրառելիս հարկավոր է հետևել որոշ կանոններին, այլապես դրանց արդյունավետությունը կնվազի:
Գոյություն ունեն այս քսուքների մասին բավական տարածված թյուր կարծիքներ, որոնց մարդիկ դեռ շարունակում են հավատալ, ինչի հետևանքով էլ սխալ են պաշտպանում մաշկը՝ բարձրացնելով վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այուամենայնիվ այժմ մասնագետներն առանձնացրել են դրանցից ամենատարածվածները՝ հորդորելով դադարել հետևել դրանց:
Որքան բարձր է SPF ցուցանիշն, այնքան քսուքը լավն է
SPF-ն այն ցուցանիշն է, որը ցույց է տալիս՝ ինչ ինտենսիվությամբ են արգելափակվում արևի ճառագայթները, սակայն շատերը ենթադրում են, որ այն վկայում է քսուքի ազդեցության տևողության մասին: Արդյունքում SPF բարձր ցուցանիշով քսուքները շատերը նորմայից ուշ են թարմացնում, ինչը կարող է վտանգավոր լինել: Հարկ է հիշել, որ անկախ SPF ցուցանիշնից ցանկացած արևապաշտպան քսուք հարկավոր է թարմացնել երկու ժամը մեկ, քանի որ որոշ ժամանակ անց այն պարզապես դադարում է ինչպես հարկն է պաշտպանել մաշկը:
Արևապաշտպան քսուքները նվազեցնում են օրգանիզմում վիտամին D-ի մակարդակը
Այս տարրն անվանվում է «արևային վիտամին», քանի որ այն սինթեզվում է մարդու մաշկի շերտերում արևի ճառագայթների ներքո: Արևապաշտպան քսուքները զտում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները, ուստի շատերը ենթադրում են, որ դրա հետևանքով օրգանիզմում բավարար քանակությամբ վիտամին D չի սինթեզվում: Այնուամենայնիվ մարդիկ հաշվի չեն առնում, որ այս քսուքը հազվադեպ է ամբողջ օրվա ընթացքում պատում ամբողջ մարմինը, ուստի մաշկի որոշակի հատվածներ այնուամենայնիվ ստանում են անհրաժեշտ ճառագայթումը: Ավելին՝ անգամ նման քսուքների կիրառման դեպքում մաշկն ստանում է բավարար քանակությամբ արևի ճառագայթներ որոշակի քանակությամբ վիտամին D սինթեզելու համար, ինչն օգնում է խուսափել դրա դեֆիցիտից: Այնուամենայնիվ նման խնդրի առկայության դեպքում հարկավոր է հարստացնել սննդակարգը վիտամին D-ի սննդային աղբյուրներով, որոնց շարքին են դասվում սաղմոնը, վարսակը, կաթը, նարնջի հյութը, հավկիթն ու թյունոսը:
Մեքենաների պատուհանները չեզոքացնում են արևի ճառագայթները
Մեքենաների դիմապակիները սովորաբար բաղկացած են լինում բազմաշերտ ապակիներից, որոնք զտում են արևի վնասակար ճառագայթները, սակայն կողային ապակիներն ու հետևի ապակին օժտված չեն նման պաշտպանությամբ: Սա է պատճառը, որ անգամ մեքենայում գտնվելու դեպքում արևոտ եղանակին հարկավոր է անպայման պաշտպանել մաշկն արևապաշտպան քսուքով:
Արևապաշտպան քսուքները կարելի է նաև ինքնուրույն պատրաստել
Շատերը կարծում են, որ կարելի է արևապաշտպան քսուք պատրաստել տան պայմաններում, մինչդեռ գոյություն չունի որևէ ապացույց այն բանի, որ ինքնուրույն պատրաստված արևապաշտպան քսուքներն արդյունավետ են և նույնքան անվնաս, որքան հատուկ միջոցները: Բանն այն է, որ նման քսուքների պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները պարզապես անհասանելի են հասարակ մարդկանց, ուստի հնարավոր չի լինի դրանք գնել ու ինքնուրույն պատրաստել: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են խուսափել նման միջոցներից ու օգտագործել այն քսուքները, որոնք արագ են ներծծվում ու չեն գրգռում մաշկը:
Արևապաշտպան քսուքները ջրակայուն են
Ներկայում հաճախ են գովազդվում տարատեսակ արևապաշտպան քսուքներ, որոնք ջրակայուն են ու չեն մաքրվում քրտինքի կամ ջրի ազդեցության հետևանքով, սակայն իրականում դրանք բնավ անջրաթափանց չեն, ուստի ունեն կանոնավոր թարմացվելու կարիք: Հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն չունի որևէ արևապաշտպան քսուք, որը լիովին պաշտպանված կլինի ջրից, ուստի ծովում լողալուց կամ լոգանք ընդունելուց հետո հարկավոր է անպայման թարմացնել քսուքը: