Ավելորդ քաշն ու ճարպակալումն այժմ մարդկության մեծագույն խնդիրներից են, քանի որ զգալիորեն բարձրացնում են մի շարք վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային համակարգի ախտաբանությունների, շաքարային դիաբետի և անգամ օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ բժիշկները հորդորում են օր առաջ լուծել այս խնդիրն ու հնարավորինս շուտ կարգի բերել կազմվածքը:
Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար մարդիկ սովորաբար դիմում են մարզիչների ու սննդաբանների մշակած տարատեսակ սննդակարգերի ու մարզումների օգնությանը, սակայն շատ հաճախ դրանք անարդյունավետ են լինում և կորցրած կիլոգրամները շատ արագ վերականգնվում են: Բացի այդ, նման սննդակարգերը նաև խիստ բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա՝ հանգեցնելով առողջական մի շարք խնդիրների զարգացման, ուստի զարմանալի չէ, որ բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել դրանցից:
Այնուամենայնիվ, ռուս և ֆրանսիացի գիտնականների համատեղ խումբն ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է նիհարելու մի պարզ միջոց, որը ոչ միայն արդյունավետ է, այլև չի առաջացնում որևէ կողմնակի բարդություն:
Գիտնականների խոսքով՝ ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է սննդակարգում ներառել փափուկ պանիրների որոշ տեսակներ, որոնք պարունակում են Hafnia alvei կոչվող բակտերիաներ: Այս բակտերիաները «բնակվում են» մարդու մարսողական համակարգում, սակայն շատերի մոտ դրանց քանակությունը նվազում է: Այս միկրոօրգանիզմներն արտազատում են հատուկ սպիտակուց, որը նպաստում է ավելորդ ճարպերի այրմանը:
Բացի այդ, այս յուրահատուկ սպիտակուցը կարող է ազդել նաև մարդու ախորժակի վրա և հանգեցնել քաղցի արագ հագեցմանը, ինչի շնորհիվ կարելի է նվազեցնել օգտագործվող սննդի քանակությունը՝ այդ կերպ նվազեցնելով նաև սննդակարգի ընդհանուր կալորիականությունը: