Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնի դուստրը՝ Լարա Ջոնսոն-Ուիլերը, հատուկ ձգող ներքնազգեստով լուսանկարվել է հանրահայտ «Tatler» ամսագրի համար։ 28-ամյա Լարայի լուսանկարները հրապարակվել են ամսագրի Instagram-յան էջում:
«Միջնադարյան կորսետներից մինչև Բրիջիթ Ջոնս՝ (հայտնի գրքի և ֆիլմի հերոսուհին. խմբ.) մարմինը մոդելավորող հագուստը երկար ճանապարհ է անցել։ Ձգող, ուղղիչ ներքնազգեստի նոր սերունդը էլեգանտ և ոգեշնչող տեսք ունի։ Լարա Ջոնսոն-Ուիլերը փորձում է որոշ մոդելներ», – գրել է «Tatler»-ը։
Երևում է, որ բավականին թմբլիկ, փարթամ կազմվածքով Լարան բնավ չի ամաչում ֆոտոխցիկների առջև, լրիվ հակառակը՝ բավականին վստահ կեցվածք է ընդունում։ Առաջին լուսանկարում քաղաքական գործչի դստեր հագին թափանցիկ գործվածքից կարված զգեստ է, որը չի թաքցնում սև կրծկալն ու կիսավարտիքը: Բարձրակրունկ կոշիկները ընդգծում են կերպարի նրբագեղությունը։
Երկրորդ լուսանկարում նա սև, նեղ կիսաշրջազգեստով է, որը համալրվում է կորսետով և կարճ կարդիգանով:
Լարան, մեկնաբանելով իր դեբյուտային ֆոտոշարքը, նշել է, որ այդ հագուստը չի ուղղի այն, ինչ ձեզ դուր չի գալիս ձեր մարմնում, բայց ճիշտ կարված ներքնազգեստը կարող է ընդգծել բնությունից տրվածը և մարմինը մոտեցնել նախընտրած տեսակին:
Նշենք, որ Լարան նորաձևության ոլորտով հետաքրքրվել է վաղ մանկությունից, նա նաև ցանկացել է լրագրող դառնալ։ Այժմ զբաղվում է գրականությամբ և աշխատում որպես հեռուստահաղորդավարուհի։
Լարան Բորիս Ջոնսոնի չորս երեխաներից ավագն է՝ նրա երկրորդ կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնությունից։ Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը վերջերս ամուսնացավ երրորդ անգամ։
Посмотреть эту публикацию в Instagram