Ավելորդ քաշի դեմ պայքարը կարող է բավական բարդ ու երկարատև լինել, քանի որ հաճախ որևէ համեղ, սակայն բարձր կալորիականություն ունեցող բան ուտելու ցանկությանը հնարավոր չի լինում դիմակայել: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել սննդամթերքի տեսակներ, որոնք կօգնեն նվազեցնել քաշն ու ճնշել ախորժակը և միաժամանակ չեն առաջացնի առողջական խնդիրներ:
Սննդաբանների խոսքով՝ առաջին հերթին հարկավոր է սննդակարգում ներառել հավկիթներ, որոնք և՛ օգտակար են, և՛ դիետիկ: Հավկիթը հարուստ է բարձրորակ սպիտակուցներով, որոնք հագեցնում են և թույլ չեն տալիս նորմայից շատ ուտել: Պարբերաբար հավկիթ ուտելը կօգնի հեշտությամբ նվազեցնել քաշը, ուստի այս մթերքը պետք է անպայման ներառվի նիհարել ցանկացողների սննդակարգում:
Նմանատիպ ազդեցությամբ են օժտված նաև կարմիր ձկնատեսակները, որոնք հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով: Իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ կարմիր ձուկը շատ արագ հագեցնում է և թույլ է տալիս երկար ժամանակով մոռանալ քաղցի մասին:
Նիհարել ցանկացողների համար հիանալի մթերք է ավոկադոն, որը պարունակում է օգտակար օլեինաթթու և այլ ճարպաթթուներ: Այս մթերքի գործածությունից հետո մարդկանց շուրջ 40%-ի մոտ նկատվում է ախորժակի անկում, ինչն օգնում է պահպանել քաշը:
Ախորժակը վերահսկողության տակ պահելու համար շատ արդյունավել միջոց է նաև չիա սերմերի գործածությունը: Բանն այն է, որ այս սերմերը կլանում են հեղուկն ու մեծանում 10-12 անգամ, ինչի շնորհիվ մարդը շատ արագ հագենում է:
Քաղցը հագեցնելու և ավելորդ քաշից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել մանրաթելերով հարուստ մթերք, օրինակ՝ ոսպ: Բացի այդ, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև կոճապղպեղին ու սպանախին, քանի որ դրանք հարուստ են նյութափոխանակությունն արագացնող նյութերով և օգնում են ավելի շատ էներգիա վատնել՝ միաժամանակ վերահսկողության տակ պահելով ախորժակը: