Սուրճը, ցիտրուսային հյութերը, քաղցր գազավորված ըմպելիքներն ու կծու համեմունքները չի կարելի սոված փորին օգտագործել։ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել բժիշկ-սննդաբան նուտրիցիոլոգ, դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Աննա Բելոուսովան։
Նրա խոսքով՝ կոֆեինը ճնշում է ախորժակը, այդ պատճառով ավելի լավ է սուրճը խմել նախաճաշից որոշ ժամանակ անց։
Օրվա սկզբին պետք է նաև հրաժարվել կծու համեմունքներից ու սոուսներից, քանի որ հակառակ դեպքում մեծանում է գաստրիտի կամ խոցերի զարգացման ռիսկը:
«Առավոտյան դա կարող է լինել բուտերբրոդ՝ մանանեխով, ծովաբողկով կամ սխտորի համեմունքով։ Մի կողմից դա առույգ է դարձնում, օգնում արթնանալ, մյուս կողմից՝ ուղիղ ճանապարհ է դեպի գաստրիտ», – զգուշացրել է Բելոուսովան։
Նա նշել է, որ հատկապես վնասակար է սոված փորին գազավորված ջուրը, մանավանդ քաղցր: Դրա հաճախակի օգտագործումը նույնպես հանգեցնում է ստամոքսաաղիքային հիվանդությունների, ինչպիսիք են խոցը և գաստրիտը:
Բացի այդ, Բելոուսովան ուշադրություն է հրավիրել ցիտրուսային մրգահյութերի օգտագործման վրա։ Նա պարզաբանել է, որ այդ հյութերը պետք է համատեղել լիարժեք նախաճաշի հետ, հակառակ դեպքում դա կհանգեցնի մարսողական համակարգի աշխատանքի խափանումների: Ընդ որում, նա ընդգծել է, որ այդ հյութերը պետք է բնական լինեն։
Ավելի վաղ բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան Միխայիլ Գինզբուրգը ասել էր, որ որոշ ըմպելիքներ սոված փորին կարող են գրգռել ստամոքսը, իսկ մյուսները՝ կտրուկ բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը։
Մասնագետները խորհուրդ են տալիս նախաճաշել։ Առավոտյան սնունդը ոչ միայն լիցքավորում է օրգանիզմն անհրաժեշտ էներգիայով, այլև «գործարկում» է նյութափոխանակության գործընթացները, օգնում խուսափել հետագա գերսնման հավանականությունից, ինչպես նաև անհարմարության, թուլության և վատ տրամադրության զգացողությունից։
Միայն թե իդեալական նախաճաշը պետք է բաղկացած լինի հիմնականում սպիտակուցային սննդամթերքներից, դրանք ավելի երկար են պահպանում հագեցվածության զգացումը ու շատ էներգիա են տալիս մարմնին, որն այդքան անհրաժեշտ է քնից ու երկարատև սննդի բացակայությունից հետո: