Կաթնաշոռը շատ օգտակար դիետիկ մթերք է, որը ներառված է բազմաթիվ սննդակարգերում: Սա պայմանավորված է նրանով, որ այն պարունակում է մի շարք օգտակար միկրոտարրեր, որոնք խթանում են նյութափոխանակությունը:
Կաթնաշոռը կարող է անգամ հանդես գալ որպես սննդակարգի հիմնական բաղադրիչ, քանի որ օգնում է շատ արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ավելին՝ մասնագետները մշակել են կաթնաշոռով մի քանի դիետա, որոնք կօգնեն կարճ ժամանակահատվածում կարգի բերել կազմվածքը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կաթնաշոռով դիետաների մի քանի տարբերակ: Այս սննդակարգերը կարելի է կիրառել և՛ որպես բեռնաթափման միջոց, և՛ որպես նյութափոխանակությունը բարելավող միջոց, և՛ որպես լիարժեք սննդակարգ: Սակայն հարկ է հիշել, որ կաթնաշոռով դիետաները, ինչպես և մյուս մոնոդիետաները, բավական խիստ է և կարող է վտանգավոր լինել չարաշահման դեպքում, ուստի այս սննդակարգերին հարկավոր է հետևել 3-5 օր:
1-ին սննդակարգը.
Կաթնաշոռով դասական դիետան ենթադրում է օրվա ընթացքում 500 գրամ կաթնաշոռի և 500 մլ կեֆիրի գործածություն, որը պետք է բաժանել 5 մասի և օգտագործել որոշակի ընդմիջումներով: Օրվա ընթացքում կարելի է խմել մեծ քանակությամբ ջուր, կանաչ թեյ ու մասուրի եփուկ: Ընդամենը երեք օրում այս սննդակարգը կօգնի ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից:
2-րդ սննդակարգը.
Կաթնաշոռով դիետայի երկրորդ տարբերակը ենթադրում է օրվա ընթացքում հինգ անգամ 100-ական գրամ կաթնաշոռի գործածություն, որը հարկավոր է համադրել ընկույզների, մեղրի, հատապտուղների կամ մրգերի հետ: Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է կաթնաշոռը համադրել 1-2 ճաշի գդալ նախապես եռման ջրով թրջած թեփի հետ (отруби): Այս սննդակարգին հարկավոր է հետևել 3-5 օր:
3-րդ սննդակարգը
Սա թերևս ներկայացվածներից ամենաբազմազան սննդակարգն է: Այս դիետային հետևելու դեպքում նախաճաշին հարկավոր է ուտել ջրով պատրաստված վարսակի շիլա, մի կտոր անյուղ միս, տարատեսակ բանջարեղեն և մեղրով թեյ, իսկ ճաշին ու ընթրիքին՝ մի բաժին կաթնաշոռ կամ կաթնաշոռով որևէ ուտեստ: Ցանկության դեպքում ճաշին կարելի է ուտել նաև մի կտոր տարեկանի հաց: Օրվա ընթացքում սաստիկ քաղցից խուսափելու համար կարելի է խնձոր կամ նարինջ ուտել:
Այս դիետան կարելի է համատեղել անգամ ֆիզիկական ակտիվության հետ: Բոլոր կանոններին հետևելու դեպքում այն թույլ կտա ազատվել 3-4 կգ ավելորդ քաշից:
4-րդ սննդակարգը
Կաթնաշոռով դիետայի այս տարբերակին հետևելու դեպքում հարկավոր է օրվա ընթացքում ուտել 500 գրամ կաթնաշոռ և 1 կգ միրգ (բացի բանանից, խաղողից ու մանգոյից) կամ բանջարեղեն (հում կամ շոգեխաշած): Նման սննդակարգը կօգնի կարճ ժամանակահատվածում ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից, սակայն արդյունքը պահպանելու համար հարկավոր է ոչ միայն խստորեն հետևել բոլոր կանոններին, այլև ճիշտ վերադառնալ սովորական սննդակարգին: Քաշի ավելացումից խուսափելու համար հարկավոր է դիետայից հետո աստիճանաբար սկսել օգտագործել անյուղ միս ու բանջարեղեն և միայն մի քանի օր անց վերադառնալ սովորական սննդակարգին: