Բրազիլական դիետա. 2 շաբաթում 10 կգ ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցը

Տոներին ընդառաջ մարդիկ սովորաբար փորձում են գտնել մի դիետա, որը թույլ կտա հնարավորինս արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից, սակայն նման դիետաներ, որոնք և՛ արդյունավետ են, և՛ ոչ շատ ժամանակատար, շատ քիչ են:

Բրազիլական դիետան ամենատարածված ու արդյունավետ դիետաներից մեկն է, որը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում ազատվել զգալի ավելորդ քաշից: Գոյություն ունի այս յուրահատուկ դիետայի երկու տարբերակ՝ արագ և նորմալ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «նորմալ» տարբերակը, որի դեպքում քաղցի զգացումը չի տանջում և նիհարելու գործընթացն ավելի հաճելի է լինում: Սննդաբանների հավաստմամբ՝ այս դիետայի օգնությամբ կարելի է ազատվել մինչև 10 կգ ավելորդ քաշից ընդամենը 2 շաբաթում:

Սննդակարգի հիմնական բաղադրիչներն են թարմ մրգերն ու բանջարեղենը, որոնց օրական չափաբաժինը հարկավոր է բաժանել 4-5 մասի:

Երկուշաբթի
· Նախաճաշին՝ մի բաժակ խնձորի հյութ և խաշած ձու,
· Ճաշին՝ 100 գրամ խաշած անյուղ միս, 2 հատ խաշած կարտոֆիլ և հազարի 4 թերթիկ,
· Հետճաշիկին՝ մի բաժակ խնձորի հյութ և տոստի հաց,
· Ընթրիքին՝ 200 գրամ խաշած ձուկ, խաշած ձու, աղցան և կանաչ ոլոռ,
· Քնելուց առաջ՝ մի բաժակ խնձորի հյութ և չորահաց:

Երեքշաբթի
· Նախաճաշին՝ մի բաժակ նարնջի հյութ, բանան և նարինջ,
· Ճաշին՝ 100 գրամ ջեռոցում պատրաստված կամ խաշած ձուկ, 200 գրամ թարմ բանջարեղենով աղցան,
· Հետճաշիկին՝ մի բաժակ նարնջի հյութ և տոստի հաց,
· Ընթրիքին՝ նույնը, ինչ և ճաշին (ձուկ և թարմ բանջարեղենով աղցան),
· Քնելուց առաջ՝ մի բաժակ նարնջի հյութ և չորահաց:

Չորեքշաբթի
· Նախաճաշին՝ մի բաժակ անյուղ կաթ և տոստի հաց,
· Ճաշին՝ 100 գրամ բրինձ և կաղամբով աղցան՝ համեմված մաղադանոսով և կիտրոնի հյութով,
· Հետճաշիկին՝ 100 գրամ անյուղ պանիր,
· Ընթրիքին՝ 100 գրամ խաշած միս, խնձոր և հազարի 4 թերթիկ,
· Քնելուց առաջ՝ մի բաժակ խնձորի հյութ և տոստի հաց:

Հինգշաբթի
· Նախաճաշին՝ մի բաժակ արքայախնձորի հյութ և 60 գրամ արքայախնձոր,
· Ճաշին՝ 100 գրամ խաշած միս, մի փոքր պանիր և նարինջ,
· Հետճաշիկին՝ մի բաժակ արքայախնձորի հյութ և տոստի հաց,
· Ընթրիքին՝ 2 հատ խաշած կարտոֆիլ, 200 գրամ քերիչով մանրացրած գազարով և մի փոքր ձիթապտղի յուղով աղցան,
· Քնելուց առաջ՝ մի բաժակ արքայախնձորի հյութ և չորահաց:

Ուրբաթ
· Նախաճաշին՝ մի բաժակ խնձորի հյութ, խնձոր և տոստի հաց:
· Ճաշին՝ 150 գրամ խաշած ձուկ և 2 հատ խաշած գազար,
· Հետճաշիկին՝ խնձոր և նարինջ,
· Ընթրիքին՝ հավի արգանակով պատրաստված բանջարեղենային ապուր և տոստի հաց,
· Քնելուց առաջ՝ մի բաժակ նարնջի հյութ և չորահաց:

Շաբաթ
· Նախաճաշին՝ մի բաժակ խնձորի հյութ և տոստի հաց,
· Ճաշին՝ հավի արգանակով պատրաստված բանջարեղենային ապուր և տոստի հաց,
· Հետճաշիկին՝ 150 գրամ խաշած ճակնդեղով ու մի փոքր բուսայուղով աղցան,
· Ընթրիքին՝ մի փոքր տապակած սունկ և թարմ բանջարեղենով աղցան (200 գրամ),
· Քնելուց առաջ՝ մի բաժակ խնձորի հյութ և 2 կտոր չորահաց:

Կիրակի
· Նախաճաշին՝ բանան և խաղող (1 ողկույզ),
· Ճաշին՝ 100 գրամ խաշած միս և 200 գրամ կաղամբով աղցան՝ համեմված սոխով և կիտրոնի հյութով,
· Հետճաշիկին՝ մի բաժակ գազարի հյութ և տոստի հաց,
· Ընթրիքին՝ բանջարեղենային ապուր, հազարի 4 թերթիկ և 100 գրամ թարմ մրգեր,
· Քնելուց առաջ՝ 2 հատ թզի չիր և մի բաժակ խնձորի հյութ:

Հարկ է հիշել.

1. Այս դիետայի տևողությունը պետք է լինի առավելագույնը 4 շաբաթ, որից հետո հարկավոր է անպայման դադար անել:

2. Ցանկալի արդյունքին հասնելուց հետո հարկավոր է հիշել, որ սննդակարգում պետք է լինեն բավարար քանակությամբ մրգեր, բանջարեղեն ու սպիտակուցներ և հնարավորինս քիչ բարձր կալորիականություն ունեցող սննդամթերք:

3. Այս դիետայի ընթացքում օգտագործվող մրգերն ու բանջարեղենը կօգնեն առօրյայում լինել ավելի առույգ ու էներգիայով լի:

4. Դիետայի ընթացքում առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է այն համատեղել թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ: Կարելի է զբոսնել, հեծանիվ վարել կամ այցելել լողավազան:

5. Եթե նշված չափաբաժինները չեն հագեցնում քաղցը, ապա աղցանների չափաբաժինը կարելի է ավելացնել՝ դարձնելով մինչև 300 գրամ:

6. Ջուրն անչափ կարևոր է օրգանիզմի համար, ուստի օրվա ընթացքում հարկավոր է առնվազն 1.5 լիտր ջուր խմել: