Միշել Ուիլյամսը և Ջուդ Լոուն կնկարահանվեն Անգլիայի թագավոր Հենրի 8-րդի մասին պատմող «Firebrand» հոգեբանական դրամայում, այս մասին հաղորդում է Deadline-ը։
Պարբերականի տվյալներով՝ Ուիլյամսը կմարմնավորի Քեթրին Պարին՝ միապետ Հենրի 8-րդի վեցերորդ և վերջին կնոջը:
Ակնկալվում է, որ ֆիլմը կպատմի, թե ինչպես է Քեթրին Պարը վերապրել այս ամուսնությունը: Չէ՞ որ արքայի նախորդ կանանց վտարել են, գլխատել, իսկ նրանցից մեկը մահացել է ծննդաբերության ժամանակ:
Ֆիլմի ռեժիսորն է բրազիլացի Կարիմ Այնուզը, ում ֆիլմերը մեկ անգամ չէ, որ ներկայացվել են Վենետիկի կինոփառատոնին:
«Այս կինը արժանի է առանձին պատմության»,- նշել է Այնուզը․ «Մինչ այդ շատ է խոսվել թագավորի և նրա մահացած կանանց մասին: Այժմ կարևոր է տեսնել, թե ով է ավելի ուժեղ: Սա մոդեռնիստական մոտեցում է դասական կերպարի նկատմամբ. գեղեցիկ կին հրեշի հետ ամրոցում փակված»։
Սցենարը գրել են Ջեսիկա և Հենրիետա Էշվորթները, ովքեր աշխատել են Killing Eve-ի վրա։
Նկարահանումների մեկնարկի, ինչպես նաև ֆիլմի թողարկման ամսաթվերը դեռևս հայտնի չեն: