Փիթը պարտվել է Ջոլիին հերթական դատավարության ժամանակ. դատարանը մերժել է երեխաների խնամակալությանն առնչվող նրա դիմումը

Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը մերժել է Բրեդ Փիթի դիմումը՝ կապված Անջելինա Ջոլիի հետ ապահարզանի գործը քննող դատավորի հեռացման հետ:

Ինչպես փոխանցում է The Independent-ը, դատարանը մերժել է քննել դերասանի դիմումը, որով պահանջում էր չեղարկել Լոս Անջելեսի բարձր ատյանի դատարանի որոշումը դատավոր Ջոն Օդերքըրքին գործի հետագա վարումից հեռացնելու մասին:

Նշվում է, որ հեռացված դատավորն ավելի շատ ժամանակ էր տրամադրել Փիթին երեխաների հետ անցկացնելու համար: Դատավորի հեռացումից հետո նրա որոշումը ևս չեղարկվել է:

PEOPLE ամսագրի տվյալներով՝ սեպտեմբերին Փիթի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել զույգի երեխաների խնամակալության մասին գործը վերանայելու համար: Սակայն Փիթը պարտվել է հերթական դատավարության ժամանակ. դատարանը մերժել է երեխաների նկատմամբ խնամակալության մասին գործի հետ կապված դիմումը:

Հիշեցնենք, որ հոլիվուդյան զույգը ամուսնալուծության դիմում է ներկայացրել, և 2018 թվականի նոյեմբերից Ջոլին երեխաների միանձնյա խնամակալն է: