«Շատ ուրախ եմ, որ մենք վերջապես եկանք Երևան»․ Շեքսպիրյան միջազգային փառատոնում կցուցադրվի շուրջ 15 ներկայացում

Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը  մեկնարկեց այսօր՝ նոյեմբերի 15-ին կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը:
Այս տարի փառատոնը հյուրընկալել է 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի և հյուրի՝ նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։ Այս օրերին երևանյան տարբեր բեմահարթակներում կցուցադրվի շուրջ 15 ներկայացում:

Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներն են  «Թատրոն Կամրջի մոտ»(«Театр у моста»)՝ «Մակբեթ» (ՌԴ, բեմադրիչ՝ Սերգեյ Ֆեդոտով) և Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» (Բուլղարիա) ներկայացումները։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի տնօրեն Կարո Բալյանը նշեց, որ համավարակի պատճառով եվրոպական մի քանի թատրոն չի կարողացել մասնակցել փառատոնին:

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր`«FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար, որոնք  Հայաստանից և արտերկրից են: «Այս տարի փառատոնի շրջանակներում երկրորդ անգամ կանցկացվի «FestOFF» խորագրով ծրագիրը, որին կմասնակցեն հինգ ուսանողական և ազատ թատերախմբեր, ովքեր կներկայացնեն տարբեր ներկայացումներ շեքսպիրյան թեմատիկայով։ Ծրագրի ժյուրիի նախագահը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է, ժյուրիի անդամներն են թատերագետներ Տիգրան Մարտիրոսյանը, Հասմիկ Սեյմորը, Գայանե Թադևոսյանը, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը»,- մանրամասնեց Բալյանը։

Թատերասերները 15-ց 20-ը հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, պարային, մոնո, մուլտիմեդիա ներկայացումներ:

Կարո Բալյանը նաև հավելեց, որ փառատոնը կյանքի կոչելու համար դիմել են ԿԳՄՍ նախարարություն, սակայն չեն ստացել համապատասխան աջակցությունը։ Փառատոնը իրականություն է դարձել որոշ անհատների շնորհիվ։

Երևանյան թատրոններից փառատոնի ծրագրում հանդես կգա Երևանի Կամերային թատրոնը «Համլետ» (բեմադրիչ՝ Արա Երնջակյան) ներկայացմամբ։

Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, «У моста» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆեդոտովը և իր թատերախումբը հասցրել են լինել մեր տարածաշրջանում, սակայն առաջին անգամ են այցելում Հայաստանում, ինչի առթիվ շատ ուրախ են:

«Ես շատ ուրախ եմ, որ մենք վերջապես եկանք Երևան․ այն հիասքանչ քաղաք է։ Ես շատ երջանիկ եմ, որ Կարոն մեզ հրավիրեց՝ մասնակցելու այս փառատոնին։ Հայաստանը հզոր երկիր է, որտեղ պահպանվել են շեքսպիրյան  ավանդույթները»,- նշեց Ֆեդոտովը։

Սերգեյ Ֆեդոտովը նաև հավելեց, որ ցանկություն ունի այցելելու հայկական թատրոններ՝ հետևելու մեր ռեժիսորների բեմադրած ներկայացումներին։ Ֆեդոտովը  խոստովանեց, որ նույնիսկ կարողացել է մեկ ներկայացման գնալ, սակայն միայն հասցրել է դրա վերջնամասին ներկա գտնվել, բայց ինչ խոսք, այդ մի քանի րոպեներն էլ կարողացել են տպավորել «У моста» թատրոնի գեղարվեստական ղեկավարին։

Փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ այսօր նոյեմբերի 15-ին ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում։ Ինչից անմիջապես հետո հանդիսատեսի դատին հանձնվեց Կիևի ազգային ակադեմիական Երիտասարդական թատրոնի (Молодой театр) «Ամառային գիշերվա երազ» ներկայացումը (բեմադրիչ՝ Անդրեյ Բիլոուս)։

Փառատոնը կամփոփի Ալմետի թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը (բեմադրիչ՝ Կարո Բալյան)։ Այն կներկայացվի նոյեմբերի 20-ին՝ 19։00-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։

Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր, որը կվարեն ՌԴ վաստակավոր արտիստ,  Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), «Կնեբել» թատրոնի և «MiSHiNLaB» թատերական լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Միշինը (ՌԴ), դերասանուհի Աուրելիե Իմբերտը (Ֆրանսիա) և Նովոռոսիյսկի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Տեատրալնայա Գավան» փառատոնի ղեկավար Եվգենի Կուշպելը  (ՌԴ)։

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: 2016թ․-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Նյութը՝ Լուս Ավագյանի