Էթերի Ոսկանյանը, Թելման Խաչատրյանը, Մերի Հակոբյանը, Արսեն Լևոնյանը և այլ հայտնի դերասաններ՝ Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալում

«Մեր թաղի տղերքը»․ այսպես է կոչվում ռեժիսոր, պրոդուսեր Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալը, որը ATV–ի եթերում կլինի նոյեմբերի 29-ից։ Այս մասին գրում է Tert.am Life-ը։

«Ֆիլմն ընկերության, ծնող–որդի փոխհարաբերությունների մասին է։ Հաճախ երեխաները պատասխան են տալիս ծնողների սխալների համար։ Այս դեպքում հենց նման մի բան է լինում։ Խորը զգայական պատմություն է ազնիվ հարաբերությունների մասին»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասել է Ելենան։

Հեռուստասերիալում խաղում են Էթերի Ոսկանյանը, Թելման Խաչատրյանը, Մերի Հակոբյանը, Արսեն Լևոնյանը, Հայկ Պետրոսյանը, Տաթև Մելքոնյանը, Էրվին Ամիրյանը։

«Պրոֆեսիոնալ դերասանների կողքին այս անգամ ևս աշխատում եմ նաև նորավարտ դերասանների հետ։ Անահիտ Մանուկյանն ասպիրանտ է, առաջին քայլերն է անում հեռուստասերիալում։ Շատ ուժեղ դերասանական կազմ է զբաղված մեզ մոտ»,- նշել է ռեժիսորը։

Ելենան հայտնել է, որ արդեն սկսել է նկարահանումները, սակայն ոչ դերասանական հիմնական կազմի հետ։ Դեռ նկարահանում են անցյալը։

«Նախագծի սկզբում իրադարձությունները ծավալվում են 2014 թվականին։ Ժամանակի մեջ հետ ենք գնացել։ Պատանի դերասանների հետ աշխատանքը փոքր-ինչ դժվար է։ Բավականին բարդ է ոչ միայն նկարահանող  խմբի, այլև հենց պրոֆեսիոնալ դերասանների համար, քանի որ պատանիները շատ ազնիվ են, չեն խաղում։ Առհասարակ, երեխաների հետ աշխատանքը հենց այս պատճառով է բարդանում։ Մի քիչ վախենում էի, բայց հասկանում եմ, որ փոքրերը սկսում են դուրս գալ իրենց առջև դրված բավականին լուրջ խնդրի տակից։ Իհարկե, գնահատողը հեռուստադիտողն է»,- հայտնել է նա։