ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Մի շտապեք: Այս խորհուրդը հատկապես ակտուալ կլինի 2022-ի սկզբին: Բազում գաղափարներ, ցանկություններ ու ծրագրեր կհայտնվեն, կուզենաք միանգամից մի քանի նպատակի հասնել, իսկ պայմաններին, որոնք միշտ չէ, որ նպաստավոր կլինեն, պարզապես ուշադրություն չեք դարձնի: Իհարկե, հետաքրքիր կլինի, բայց այդ դեպքում ստիպված կլինեք իզուր մեծ ուժեր ծախսել: Այնպես որ՝ լավ է տարվա առաջին օրերին որոշեք առաջնահերթությունները, մտածեք, թե որ գործերով եք անհապաղ զբաղվելու, իսկ որոնք կարող են սպասել:
Մինչև գարուն շատ բան պիտի սովորեք, փորձ ձեռք բերեք, որն էլ ավելի ուշ կօգնի խուսափել սխալներից, ճիշտ որոշումներ ընդունել: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Որոշակիություն կհայտնվի այնտեղ, որտեղ նախկինում միայն ակնարկներ ու գուշակություններ էին, և դա կուրախացնի:
Գարունը լավ ժամանակ կլինի գործերում նախաձեռնող լինելու, նոր նախագծերի վրա աշխատելու կամ ձեզ վաղուց հետաքրքրող բանը սովորելու համար: Կհաջողվի խուսափել սթրեսային իրավիճակներից, սեփական ժամանակն էլ այնպես տնօրինել, որ ամեն ինչի համար ժամանակ մնա:
Իսկ ահա ամառը անակնկալը անակնկալի հետևից կբերի: Չի կարելի ասել, որ դրանք ձեզ կուրախացնեն, բայց հաստատ չեք ձանձրանա: Դուք կաշխատեք ցանկացած հնարավորություն օգտագործել նորը սովորելու համար, միաժամանակ բոլորին ցույց տալու, թե ինչքան բան եք արդեն կարողանում: Զարմանալի չէ, որ աշնան սկզբին աշխատանքի կամ համագործակցության հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանաք:
Տարին հանգիստ կավարտվի: Նրա վերջին ամիսները հրաշալի կլինեն առանց խառնաշփոթի սկսածն ավարտելու, եզրահանգումներ անելու, ապագա գործողությունների շուրջ մտածելու համար: Կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել կամ պարզապես մտերմիկ զրույց անել: Դուք կհամոզվեք, որ իսկական ընկերներ ունեք, որոնց վրա կարող եք ամեն հարցում հույս դնել:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ինտուիցիան կհուշի, որ հունվարը նոր գործեր ստանձնելու կամ կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու լավագույն ժամանակը չէ: Տարվա սկիզբը հրաշալի կլինի մտորումների համար: Դուք կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել ու տեսածից ճիշտ եզրահանգումներ կանեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, պայմաններն էլ այնպես կդասավորվեն, որ ձեզ հետաքրքիր մտքեր կտան:
Փետրվարից մայիս բարենպաստ ու կարևոր շրջան կսկսվի: Ձեր դատողություններն ավելի կշռադատված ու հասուն կդառնան, դուք այլևս չեք տրվի պրովոկացիաներին, բարդ իրավիճակներում էլ ձեզ ճիշտ կպահեք: Ինքնուրույն որոշումներ ընդունելը կհեշտանա, դուք շրջապատողների աջակցության ու հավանության կարիքն ավելի քիչ կունենաք: Հենց այդ շրջանը շատ Ցուլերի համար կապված կլինի կարևոր որոշումների հետ, որոնք կազդեն նրանց հետագա կյանքի վրա: Նման որոշումները կարող են վերաբերել և՛ մասնագիտական գործունեությանը, և՛ անձնական հարաբերություններին, և՛ սեփական ծրագրերին, որոնց մասին մոտ ժամանակներս ոչ ոք չի իմանա:
Մայիսն ու հունիսը կուրախացնեն զարմանալի իրադարձություններով, հաջող զուգադիպություններով: Ճակատագիրը ձեզ հաճելի անակնկալներ կմատուցի, հնարավորությունը հնարավորության հետևից կընձեռի: Բաց մի թողեք հաջողության հասնելու ձեր շանսը: Հնարամտությունը շատ տեղին կլինի: Այդ հատկանիշի շնորհիվ երբեմն կհասնեք նրան, ինչը մյուսներին անհնար է թվում:
Հուլիսից սեպտեմբեր շատ բան պիտի սովորեք: Չարժե հատուկ ինչ-որ դասընթացների հաճախել, քանի որ բազում գիտելիքներ դուք ձեռք կբերեք գործերի արանքում: Ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կիսվել իրենց փորձով ու պիտանի տեղեկատվությամբ, որը հազիվ թե կարողանայիք մեկ ուրիշ աղբյուրից ստանալ:
Հոկտեմբերից մի շրջան կսկսվի, որի ընթացքում պիտի ուշադիր հետևեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Դրանք միշտ չէ, որ միանշանակ ու պարզ կլինեն, շատ բան հստակ չի ասվի, այնպես որ՝ պատրաստ եղեք գլուխ հանել ակնարկներից, պատասխաններ փնտրել բարդ հարցերին:
Տարվա վերջին շատ բան կպարզվի: Դուք ձեզանով հպարտանալու հիմնավոր պատճառ կունենաք. պարզ կդառնա, որ դժվար իրավիճակում դուք շատ ճիշտ եք վարվել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Տարին հաջող կսկսվի: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցության շնորհիվ հրաշալի գլուխ կհանեք այն գործերից, որոնք անցած տարի չափազանց բարդ էին թվում: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեր առաջ բազում նոր հնարավորություններ կբացեն: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում ընդունվեն որոշումներ, որոնց շնորհիվ մոտ ժամանակներս կարիերայում բարձունքների կհասնեք:
Մարտն ու ապրիլը անհանգիստ ու հետաքրքիր կլինեն: Շատ Երկվորյակներ այդ հատվածում հրաժեշտ կտան պատրանքներին, կսկսեն կյանքին ավելի իրատեսորեն նայել: Ինչ-ինչ տհաճ պահեր հնարավոր են, բայց հազիվ թե երկար ժամանակ վշտանաք ու ափսոսաք տեղի չունեցածի համար: Նոր հնարավորություններ շատ կլինեն, և դրանցից ոչ մեկը բաց թողնել չեք ուզենա: Նկատելիորեն կընդլայնվեն շփման շրջանակները: Մարդիկ, որոնց հետ սկզբում բացառապես գործնական թեմաներ կքննարկեք, ժամանակի ընթացքում ձեր ընկերները կդառնան:
Մայիսից հուլիս կշարունակվի լարված և արդյունավետ աշխատանքի, օգտակար գործերի ժամանակը, որոնցից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Դուք շատ բան կսովորեք՝ հաճախ ինքներդ չնկատելով դա: Շրջապատողները ձեզ աճող հետաքրքրասիրությամբ կհետևեն, ավելի ու ավելի հաճախ կլսեն ձեր կարծիքն ու կդիմեն խորհուրդների խնդրանքով: Քանի որ առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն, ձեզ կարող են ղեկավարի աշխատանք առաջարկել:
Օգոստոսը նոր գործեր ու հոգսեր կբերի: Շատ Երկվորյակների համար առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերը, և իրավիճակը հենց այդպիսին էլ կմնա մինչև տարվա վերջ: Դուք կզգաք, որ պետք եք մտերիմներին և նրանց հարմարավետության ու հանգստության համար կարող եք հրաժարվել որոշ համարձակ ծրագրերից ու ռիսկային նախաձեռնություններից: Ընտանեկան հարաբերություններն ավելի ամուր կդառնան: Դուք կհասկանաք, թե ով է ձեզ համար իսկապես կարևոր ու թանկ: Հենց նման մարդկանց հետ էլ կդիմավորեք Նոր տարին:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Տարվա սկիզբն առանձնապես բարդ չի լինի, բայց անկասկած զգուշություն ու շրջահայացություն կպահանջի: Աշխատեք այդ հատվածի հետ մեծ հույսեր չկապել, հեշտ հաղթանակների վրա էլ հույս չդնել: Աշխատանքի մեջ հաջողությունները հնարավոր են, դրական փոփոխություններ կլինեն նաև անձնական հարաբերություններում, բայց երկու ոլորտներն էլ ձեզանից համառություն, հետևողական գործողություններ ու մտածված արարքներ կպահանջեն: Ավելորդ չի լինի հուսալի մարդկանց աջակցությունը: Մտածեք, թե ում կարող եք այդ հարցով դիմել:
Գարունը նոր գաղափարներ ու գործեր կբերի: Չի կարելի ասել, որ դրանք միանգամից ձեր սրտով կլինեն: Ամենայն հավանականությամբ մի քանի շաբաթ կանցկացնեք կասկածների մեջ: Կարևորն այն է, որ ամեն գնով չփորձեք պահպանել այն, ինչ հնացել է ու կորցրել արդիականությունը: Սովորույթները փոխելը, բնական թվացող բաներից հրաժարվելը հեշտ չի լինի, բայց եթե հաղթահարեք այդ դժվարությունը, ապա շուտով կյանքի բոլոր ոլորտներում դրական փոփոխություններ կնկատեք:
Ամառը բարենպաստ կլինի: Այն շատ հարցերի պատասխաններ կբերի, ընդ որում՝ նաև այն հարցերին, որոնք մեկ տարի չէ, ինչ ձեզ փակուղու առաջ են կանգնեցրել: Լրիվ պարզ կդառնա, թե ինչի վրա արժե ծախսել ուժերը, իսկ ինչի վրա՝ ոչ: Որոշ Խեցգետինների հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ են սպասվում, որոնցից կյանքում մեծ փոփոխություններ կսկսվեն: Հարմար ժամանակ է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար:
Սեպտեմբերից հանգիստ և արդյունավետ շրջան կսկսվի, որը կտևի մինչև տարվա վերջ: Շատ բան կընկնի իր տեղը, պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացումներ ունեիք: Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ: Ինչքան տարվա վերջը մոտենա, այնքան շատ ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործման վրա էլ կուզենաք կենտրոնանալ արդեն հաջող տարվա հունվարին:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Տարին հեշտ չի սկսվի, հատկապես այն Առյուծների համար, որոնք հույս ունեին առանց ջանքեր գործադրելու հասնել կարևոր նպատակներին: Շատ գործեր ավելի բարդ կլինեն, քան նախկինում էիք մտածում, և դրանցից պիտի ինքնուրույն գլուխ հանեք. հազիվ թե ինչ-որ մեկն օգնի: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Հեշտ կլինի այն Առյուծների համար, որոնք պատրաստ են ընդունել իրենց սխալներն ու սովորել դրանց վրա:
Մարտը հանգիստ կանցնի ու շատ բան իր տեղը կդնի: Արդարությունը կվերականգնվի: Մարդիկ, որոնք վիրավորել էին ձեզ կամ ցավ էին պատճառել, կփորձեն քավել իրենց մեղքը: Նկատելիորեն կլավանա ֆինանսական վիճակը: Ձեզ կվերադարձնեն հին պարտքերը, կվարձատրեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Որոշ Առյուծներ շահավետ գործարքներ կկնքեն:
Ապրիլի ու մայիսի իրադարձությունները շատ Առյուծների կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին ու տեսնել այն, ինչին նշանի ներկայացուցիչներն առաջ ուշադրություն չեն դարձրել: Դա բարենպաստ ժամանակ կլինի ուսման և աշխատանքի համար: Ձեզ պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Չի բացառվում՝ կիրառում գտնվի ձեր այն տաղանդներին, որոնք շրջապատողները նախկինում լրիվ անօգուտ են համարել:
Ամառը հաջող ու դրական հույզերով լի կլինի: Դա թեթև ու ոգեշնչող ժամանակահատված է լինելու, որը հաճելի իրադարձություններ շատ կբերի: Դրական փոփոխություններ հնարավոր են և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Լսեք ինտուիցիայի ձայնը, որն անպայման կհուշի, թե ինչպես է պետք գործել:
Սեպտեմբերը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ ավելի ուշ մի շրջան կսկսվի, որը նոր գործեր ու առաջադրանքներ կբերի: Դուք շատ պիտի աշխատեք, լուծեք ինչպես ձեր, այնպես էլ ուրիշների խնդիրները: Հազիվ թե ինչ-որ մեկը դրանից ձեզանից լավ գլուխ հանի: Ինչքան էլ գործեր ու հոգսեր ունենաք, նոր տարին միևնույն է հրաշալի մարզավիճակում ու լավ տրամադրությամբ կդիմավորեք:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Տարվա առաջին ամիսներն անհարթ ու անհանգիստ կլինեն: Նույնիսկ եթե որոշակի ծրագրեր ունենաք, մինչև մարտ չեք կարողանա կենտրոնանալ դրանց իրագործման վրա: Մե՛կ պայմաններն անհաջող կլինեն, մե՛կ համախոհները հուսախաբ կանեն, մե՛կ ստիպված կլինեք օգնել բարդ իրավիճակում հայտնված մտերիմներին:
Գարնան գալստյան հետ միասին ամեն ինչ կփոխվի, կյանքում կարգուկանոն կհաստատվի, որի կարիքն այդպես ունեիք: Պարզ կդառնա, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարող է սպասել: Հին գործնական կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Որոշ Կույսեր ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն, որոնց աջակցությամբ նշանի ներկայացուցիչները կկարողանան նոր ու հեռանկարային գործեր ստանձնել կամ հաջողության հասնել մի գործում, որը նախկինում անհույս էր թվում:
Ամառը բարենպաստ ու հաճելի կլինի: Դա լավ ժամանակ կլինի մտերիմների հետ շփվելու և ընտանեկան կապերն ամրապնդելու համար: Բացի այդ, կկարողանաք գլուխ հանել ինքներդ ձեզանից, որոշակիություն մտցնել ծրագրերի, նպատակների և առաջնահերթությունների մեջ: Ամառվա ամիսները լավը կլինեն ընտանիքի անդամների կամ ընկերների շրջանում հանգստանալու համար: Ընդհանուր հետաքրքրություններ ու նախասիրություններ կհայտնվեն: Դա ձեզ շատ կմտերմացնի, տարաձայնություններն էլ կմնան անցյալում:
Աշունը հոգսեր կբերի: Սկզբում դրանք քիչ կլինեն, բայց հետո պարզ կդառնա, որ պետք է փոխել սովորական գրաֆիկը, հակառակ դեպքում չեք հասցնի այն ամենն, ինչ պետք է: Հոկտեմբերին ու նոյեմբերին նոր ռիթմի մեջ կընկնեք, իսկ դեկտեմբերին կհայտնաբերեք, որ բավական ժամանակ ունեք և՛ մտերիմների համար նվերներ ընտրելու, և՛ տոն կազմակերպելու համար, որը բոլորին կուրախացնի:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հունվարին հազիվ թե կարողանաք կարևոր հաղթանակներ տոնել: Ամենայն հավանականությամբ տարվա սկիզբը կանցնի խառնաշփոթի, մանր-մունր գործերի մեջ, որոնցից յուրաքանչյուրն ուշադրություն կպահանջի: Չի հաջողվի կենտրոնանալ ամենակարևոր, գլոբալ նպատակների վրա: Շատ Կշեռքներ բացի այդ զբաղված կլինեն ուրիշների խնդիրների լուծմամբ. երբեմն՝ սեփական ցանկությամբ, երբեմն էլ պարզապես նրա պատճառով, որ այդ բեռը մեկ ուրիշն իր վրա վերցնել չի ուզենա:
Փետրվարն ու մարտը հետաքրքիր ու վառ կլինեն: Այդ ամիսները բարենպաստ կլինեն շփումների համար: Դուք կծանոթանաք ամենատարբեր մարդկանց հետ, և հաճախ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ովքեր այնքան էլ նման չեն ձեզ: Ձեր համախոհներն ու ընկերները կդառնան մարդիկ, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Պիտանի գործնական կապեր ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ ձեր առաջ նոր մասնագիտական հորիզոններ բացվեն:
Ապրիլի սկզբից մինչև հուլիսի կեսը շատ օգտակար բաներ կհասցնեք անել: Աշխատանքը ձեռքից կգա, ոչ մի գործ չափազանց բարդ չի թվա: Նույնիսկ եթե չեք ձգտում կարիերա անել, այդ հատվածում հնարավոր են պաշտոնի բարձրացում, նոր պարտականություններ, որոնց էլ կհետևի եկամուտների աճը: Հավանական է լուծվեն ընտանեկան խնդիրները: Դուք կգտնեք ձեր ու ձեր մտերիմների կյանքն ավելի հարմարավետ ու հաճելի դարձնելու ձևը:
Հետո կգա մտորումների ժամանակը: Դուք կվերլուծեք տարվա սկզբի իրադարձությունները, կհասկանաք, թե ինչում եք ճիշտ եղել, իսկ ինչում եք սխալվել: Շատ բան կկարողանաք ուղղել, և եթե շտապեք, ապա դա կանեք մինչև հոկտեմբերի վերջ: Արժե լսել խորհուրդները, հատկապես եթե դրանք տալիս են մարդիկ, որոնց լավ գիտեք:
Նոյեմբերին ու դեկտեմբերին հանգստություն պահպանելը բարդ կլինի: Հիշեք, որ անհասկանալի տագնապը վատ խորհրդատու է: Եթե հույզերին չտրվեք, ապա սխալներ էլ չեք անի, որոնց համար ստիպված էիք լինելու զղջալ:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հազիվ թե հեշտությամբ իրագործեք այն ամենը, ինչ ծրագրել էիք հունվարի համար: Անսպասելի խոչընդոտներ կառաջանան, պայմաններն էլ անհաջող կդասավորվեն: Բոլոր գաղափարներից հրաժարվելը պարտադիր չէ, բայց արժե մտածել, թե ինչի վրա է պետք կնետրոնանալ առաջին հերթին, իսկ ինչին կարելի է ավելի ուշ վերադառնալ: Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել: Չի բացառվում՝ ձեր հուսալի համախոհները դառնան մարդիկ, որոնցից նախկինում նման բան չէիք սպասում:
Փետրվարը նոր հույսեր կտա և օգտակար հուշումներ կանի: Աշխատեք ուշադրություն դարձնել ամսվա ընթացքում տեղի ունեցող նույնիսկ աննշան իրադարձություններին: Այն, ինչ հիմա դատարկ բան է թվում, ավելի ուշ կարևոր դեր կխաղա կամ ձեզ հետաքրքիր մտքեր կտա: Նոր հորիզոններ կբացվեն այն Կարիճների առաջ, որոնք այդ հատվածում կորոշեն կենտրոնանալ ուսման, որակավորումը բարձրացնելու վրա:
Մարտի սկզբից մինչև հուլիսի կեսը կարգուկանոն կհաստատեք ձեր կյանքում: Հավատացեք, որ դա գրավիչ զբաղմունք է լինելու: Կարող եք ազատվել անպիտանից, նրանից, ինչը խանգարում է առաջ շարժվել: Շփման շրջանակները կընդլայնվեն, դուք նոր ընկերներ ձեռք կբերեք, որոնք նման չեն լինի ձեր հին ընկերներին: Բացի այդ, ինչ-որ բան կարող է փոխվել անձնական կյանքում: Շատ Կարիճներ գլուխ կհանեն սեփական զգացմունքներից, կհասկանան, թե ինչ են իրականում ուզում:
Ամռան կեսից մինչև աշնան կեսն ընկած հատվածը բավական անհանգիստ կլինի: Մի կողմից՝ հետաքրքիր գործեր և ուշադրություն պահանջող աշխատանք ու առաջադրանքներ կլինեն, որոնք բացի ձեզանից ոչ ոք լուծել չի կարողանա: Մյուս կողմից՝ ոչ մի կերպ չեք կարողանա որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, և դա ձեզ կանհանգստացնի: Երբեմն կթվա, թե կորցրեք եք ոտքի տակի հողը: Բարեբախտաբար այդպիսի շրջանները երկար չեն տևի ու կվերագտնեք ինքնավստահությունը:
Տարվա վերջին ամիսները գաղափարներով ու ծրագրերով, անսպասելի բացահայտումներով, մտքի փայլատակումներով լի կլինեն: Որոշ Կարիճներ կուզենան արմատապես փոխել իրենց կյանքը, և նրանք դա կսկսեն անել մինչև 2023-ի հունվարի 1-ը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Տարվա սկզբին բազմաթիվ բարդ հարցեր բացառապես հաջող կլուծվեն: Դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել մի քանի ամիս շարունակ ձեզ ու ձեր շրջապատողներին հանգիստ չտվող խնդիրներից: Հնարավոր են աշխատանքի ու համագործակցության մասին առաջարկներ: Չի բացառվում՝ կարողանաք զբաղվել այն գործով, որով վաղուց էիք հետաքրքրվում: Գործեր շատ կլինեն, բայց դուք ամեն ինչի, այդ թվում՝ ընկերների հետ շփվելու, նոր ծանոթությունների, ռոմանտիկ ժամադրությունների համար ժամանակ կգտնեք. դրանք երկար կհիշվեն:
Մարտը կարող է բարդ լինել հատկապես աշխատանքի և ուսման տեսանկյուններից: Այդ հատվածում պիտի կենտրոնանաք, հավաքեք մտքերը, մի կողմ թողնեք ավելորդ ամեն ինչ: Դա ամեն անգամ հեշտությամբ չի ստացվի, բայց դուք գլուխ կհանեք: Ապրիլը լրիվ այլ կլինի՝ թեթև ու ոգեշնչող, նոր հնարավորություններով լի և թույլ կտա իրագործել մտերիմ մարդու վաղեմի երազանքը: Հեշտությամբ ձեր կյանքը դեպի լավը փոխելու հնարավորություն կլինի, և դուք կօգտվեք ձեր շանսից:
Մայիսն ու հունիսը անակնկալներ հազիվ թե մատուցեն: Հոգսերն ու խնդիրները սպասվածից շատ կլինեն, բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Հիշեք, որ պարտադիր չէ դրանցով մենակ զբաղվեք: Կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել, և ուրեմն ինչո՞ւ չօգտվել նրանց օգնությունից: Պարզ կդառնա՝ ինչպես դեպի լավը փոխել գործընկերների հետ հարաբերությունները, շահել նրանց վստահությունն ու հարգանքը:
Ուշադրություն դարձրեք հուլիսին և օգոստոսին: Այդ ամիսներին կորոշվեն, թե ինչպես են զարգանալու մինչև տարվա վերջ ու նույնիսկ մյուս տարվա սկզբի իրադարձությունները: Որոշումների հարցում մի շտապեք, աշխատեք հույզերի ազդեցության տակ չգործել: Եթե այդ հատվածում ձեզ ճիշտ պահեք, հաջողությունը կուղեկցի ձեր շատ ու շատ նախաձեռություններին:
Տարվա վերջը հանգիստ կանցնի և ընդհանուր առմամբ ո՛չ կարևոր իրադարձություններ կբերի, ոչ էլ անհանգստանալու առիթներ: Կարող եք հոսանքով լողալ, ուրախանալ հաջողություններով, որոնց կարողացել եք հասնել դրանց համար համարյա ոչ մի ջանք չգործադրելով:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Տարին բացառապես հաջող կսկսվի նշանի այն ներկայացուցիչների համար, որոնք պատրաստ են որոշումներ ընդունել և իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Լավ է չերկարացնեք հունվարյան արձակուրդներն ու հնարավորինս շուտ ստանձնեք գործերը: Եթե շտապեք, կկարողանաք առաջ անցնել մրցակիցներից, հետևում թողնել նույնիսկ շատ ուժեղներին: Հունվարն ու փետրվարը հնարավորություն կտան ազդեցիկ մարդկանց աջակցությունը ստանալ: Պատմեք ձեր գաղափարների մասին, կիսվեք ձեր ծրագրերով: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել մտածածն իրագործելու հարցում:
Մարտին և ապրիլին ուշադիր է պետք լսել ինտուիցիայի հուշումները: Նախկինում սովորական թվացող շատ բաների կսկսեք այլ կերպ նայել: Հնարավոր են անսպասելի առաջարկներ՝ կապված ձեր կյանքում մեծ փոփոխությունների հետ: Հիշեք, որ ցանկացած կարևոր որոշում պետք է ինքնուրույն ընդունեք: Խորհուրդները հազվադեպ իսկապես օգտակար կլինեն, փոխարենը կարող են շեղել ու խճճել:
Մայիսից մինչև սեպտեմբեր շրջանը նվիրված կլինի հետաքրքիր աշխատանքին: Եթե մասնագիտական աճի եք ձգտում, բաց մի թողեք ձեր կարողությունները ցույց տալու շանսը: Թող բոլորն իմանան, որ ունակ եք նոր բան առաջարկել, միավորել և ոգեշնչել համախոհներին, օգտակար և անսովոր բան անել:
Հոկտեմբերից բարենպաստ շրջան կսկսվի, որը կտևի մինչև տարվա վերջ: Այն հնարավորություն կտա առանց ավելորդ խառնաշփոթի գլուխ հանել կուտակված առաջադրանքներից, լուծել ավելի վաղ ծագած խնդիրները: Ինտուիցիան կօգնի ճիշտ դնել առաջնահերթությունները: Դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, կզբաղվեք միայն նրանով, ինչն իսկապես կարևոր է: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Կարող եք վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Հաճախ ձեր մասին կհիշեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել, կփորձեն շնորհակալ լինել ձեզ ինչ-որ կարևոր գործում:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Չարժե մեծ հույսեր կապել այն գաղափարների հետ, որոնք առաջ կգան տարվա սկզբին: Ճիշտն ասած, այդ հատվածը ավելի շատ կապված է լինելու պատրանքների, այլ ոչ թե իրական հնարավորությունների հետ: Լավ է կյանքում ոչ մի բան արմատապես չփոխեք, խաղասեղանին շատ բան չդնեք: Հետո դուք ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ զգույշ եք եղել ու ռիսկի չեք դիմել:
Փետրվարին նոր նպատակներ ու հետաքրքրություններ կհայտնվեն: Դա ամենահասարակ ժամանակը չի լինելու, քանի որ պիտի որոշեք, թե ինչի վրա եք կենտրոնանալու, իսկ ինչն եք մի կողմ թողնելու: Չեք ուզենա հաշտվել նրա հետ, որ ոչ բոլոր ծրագրերն են իրագործելի,բայց պետք չէ մեծ ուժեր ծախսել պայմանների դեմ անիմաստ պայքարի վրա: Մարտից վառ ու նպաստավոր շրջան կսկսվի: Այն կյանքում շատ բան փոխելու, հին սխալներն ուղղելու և դիրքերն ամրապնդելու շանս կտա: Շատ Ջրհոսներ կդիմեն ուրիշի փորձին և ճիշտ էլ կվարվեն: Հենց այդպես հեշտ կլինի ցավալի սխալներից խուսափելը, թակարդները շրջանցելը, որոնք ձեզ համար կլարեն թշնամիները: Ավելի կամրանան ու կխորանան մտերիմների հետ հարաբերությունները, հիմա դուք իսկապես լավ կհասկանաք իրար:
Հուլիսից սեպտեմբեր կշարունակվի մի շրջան, երբ կարելի է կարևոր որոշումներ ընդունել՝ ղեկավարվելով բացառապես ինտուիցիայի հուշումներով: Դուք կկարողանաք գլուխ հանել բարդ իրավիճակներից, ուղղել հին սխալները, մեծ դրական փոփոխությունների հասնել: Շատ Ջրհոսներ առաջին տեղում կդնեն ուրիշների հետաքրքրությունները, հոգ կտանեն մտերիմների բարեկեցության մասին: Դա հենց իրենց՝ Ջրհոսներին էլ օգուտ կտա:
Տարվա վերջին ամիսները շատ լավը կլինեն: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր պատրաստ են կենտրոնանալ պրակտիկ գործերի վրա: Կարող եք եկամուտների աճի հասնել, հաջող գնումներ անել, գումարը հեռանկարային, շահութաբեր նախագծի մեջ ներդնել: Շատ Ջրհոսներ դեկտեմբերին կսովորեն այն, ինչն արդեն 2023-ի հունվարին կսկսի նրանց եկամուտ բերել:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Տարվա սկզբին շատ Ձկներ հակված կլինեն անհանգստանալ դատարկ բաների պատճառով: Աշխատեք հանգստություն պահպանել. ավելորդ հուզումները հունվարին ձեզ պետք չեն: Կենտրոնացեք նրա վրա, ինչը ձեզ մոտ լավ է ստացվում: Թող դրանք ամենահասարակ գործերը լինեն. նույնիսկ համեստ հաջողությունները կուրախացնեն ու կոգեշնչեն:
Գարնան սկիզբը կանցնի մտորումների մեջ: Դուք կուսումնասիրեք իրավիճակը, կաշխատեք հնարավորություններ գտնել, որոնց նախկինում ուշադրություն չեք դարձրել: Ինչ-որ բան կարող է փոխվել միայն նրա համար, որ սովորական բաները այլ լույսի ներքո կտեսնեք, կիմանաք այն, ինչի մասին նախկինում չեք էլ կռահել: Արժե զգույշ լինել շփումների ժամանակ: Ցավոք, շրջապատողներն ավելի հաճախ կշեղեն ձեզ, քան կօգնեն:
Մայիսին ու հունիսին շատ պիտի աշխատեք: Ձեր ուսերին կընկնի ուրիշների համար պատասխանատվությունը, ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, ավարտել այն, ինչ անհաջող սկսել են ուրիշները: Չնայած դժվարություններից խուսափել չի ստացվի, բայց դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու լավատեսությունը, կհավատաք ձեր հաջողությանը: Ձեր լավատեսությունը դուր կգա շրջապատողներին, նրանք հաճախ աջակցություն կառաջարկեն:
Ամռան վերջն ու աշնան սկիզբը բարենպաստ կլինեն: Դա հանգստության ժամանակ կլինի: Այո, գործեր շատ կլինեն, բայց դուք կիմանաք՝ ինչպես գլուխ հանել դրանցից, կգործեք փորձված մեթոդներով, սխալներ չեք անի: Մարդիկ, որոնց հետ հարաբերություններն առաջ լարված էին, հաճույքով կապի դուրս կգան: Նրանք, ովքեր ձեզ նեղացրել են, կփորձեն քավել իրենց մեղքը: Հիմա դուք կարող եք ինքներդ ընտրել համախոհներին, որոշել, թե ում հետ եք ընկերություն անելու, իսկ ումից եք քաղաքավարի հեռավորության վրա մնալու:
Տարվա վերջին ամիսները ճիշտ է անհանգիստ, բայց իրենց ձևով լավը կլինեն: Այդ հատվածում ամենակարևորը հիշելը կլինի, որ հաջողությունը միշտ միանգամից չի գալիս, իսկ պարգևին ժամանակ է պետք, որպեսզի գտնի իր հերոսին: Հիմա արվող շատ բաներ անպայման պետք կգան ապագայում: Այնպես որ՝ չարժե տխրել, եթե նոր 2023 թվական մտնեք կիսատ արված գործերով ու չլուծված հարցերով: Ամեն ինչ անպայման ստացվելու է: