«Sex and the City» սերիալի դերասանը արդեն երկրորդ շաբաթն է, ինչ շարունակում է մնալ սկանդալի կենտրոնում. միանգամից երեք կին նրան մեղադրում են բռնության մեջ: Դերասանն արդեն կորցրել է դերը «The Equalizer» հեռուստասերիալում:
Page Six-ը հետաքննություն է անցկացրել և պարզել, որ Նոթի դեմ առաջին մեղադրանքները հայտնվել են դեռևս 26 տարի առաջ: 1995 թվականին նրա ընկերուհին՝ Բևերլի Ջոնսոնը (զույգը հարաբերությունների մեջ է եղել 1990 թվականից մինչև դեպքը) ոստիկանություն է կանչել այն բանից հետո, երբ Նոթը հարձակվել է իր վրա:
«Քրիս Նոթը բռունցքով հարվածեց կրծքիս և կողերիս՝ դժվարացնելով շնչառությունս, հարվածներ հասցրեց դեմքիս և մարմնիս, ինչի հետևանքով ես բժշկական օգնություն պահանջեցի»,- ասվում է մոդելի հայտարարության մեջ: «1995 թվականի հուլիսի 27-ին նա բազմիցս սպառնացել է կյանքիս՝ օրական մինչև 25 զանգ՝ սպառնալով սպանել ինձ և իմ շանը»: Այնուհետև դատարանն արգելել է դերասանին մոտենալ Ջոնսոնին և նրա ընտանիքին, անգամ զանգահարել նրան ու փորձել ինչ-որ կերպ կապ հաստատել: Արդեն 26 տարի բոլորը մոռացել էին այս դեպքի մասին, սակայն վերջին իրադարձությունների ֆոնին այն կրկին գրավեց հասարակության ուշադրությունը: Ինքը՝ Քրիս Նոթը, դեռ չի մեկնաբանել կատարվածը: