Շվարցենեգերը պաշտոնապես ամուսնալուծվել է 10 տարվա դատական քաշքշուկներից հետո

Ամերիկացի դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը պաշտոնապես ամուսնալուծվել է կնոջից՝ Մարիա Շրայվերից 10 տարի տևած դատական գործընթացներից հետո: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է TMZ ամերիկյան պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Զույգը բաժանման մասին հայտնել էր 2011 թվականին այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություն հրապարակվել, որ Շվարցենեգերը որդի է ունեցել տան աշխատակցուհուց: Միայն 10 տարի անց ամուսիններին հաջողվեց պաշտոնական ապահարզանի հասնել:

Նման երկարատև դատական ընթացքը պարբերականը բացատրել է «մոտիվացիայի բացակայությամբ» և գույքի բաժանման մասին վեճերի կարգավորման բարդությամբ: Աղբյուրի տվյալներով՝ դատական գործընթացն առնչվում էր մոտ 400 մլն դոլարի. կարողությունն արդյունքում գրեթե հավասար կիսվել է:

Զույգն ամուսնացել էր 1986 թվականին, նրանք 4 երեխա ունեն: