Անցյալ աշնանը «Rust»-ի նկարահանման հրապարակում դերասան Ալեք Բոլդուինը պատահաբար կրակել էր ատրճանակից և մահացու վիրավորել կինոօպերատոր Գալինա Հաթչինսին։ Մինչ այժմ այս գործը մնում է չփակված, և Ալեքն ինքը խոստովանել է, որ չի սեղմել ձգանը և չի իմացել, որ նկարահանման հրապարակում եղած զենքերը լիցքավորված է մարտական փամփուշտներով։
Սպանված Գալինա Հաթչինսի ընտանիքը դատի էր տվել դերասանին և Rust ֆիլմի ողջ անձնակազմին։
Նախօրեին հանգուցյալի ամուսինը հրապարակավ խոսել էր NBC News-ին տված հարցազրույցում։ Նա հայտարարել է, որ չի կարող համակերպվել իրավիճակի անարդարության հետ՝ մեղադրելով առաջին հերթին հենց Ալեք Բոլդուինին։ «Ես ահավոր զայրացած եմ նրա վրա, որ քաջություն է ունեցել գնալ հարցազրույցի և հրապարակայնորեն խոսել Գալինայի մահվան մասին մանրամասնորեն՝ լիովին արդարացնելով իրեն»,- ասել է Մեթ Հաթչինսը:
Նշենք, որ հետաքննության ընթացքում Ալեքը և նրա կինը բազմիցս խոստովանել են, որ այս միջադեպը լուրջ ազդեցություն է ունեցել իրենց կյանքի վրա։ Իսկ ինքը՝ Բոլդուինը, ասել է, որ մեկ րոպե անգամ չի կարողանում մոռանալ ողբերգության մասին։