Ուկրաինական դատարանը թույլ է տվել ռուս երգիչ Նիկոլայ Բասկովի նկատմամբ որպես կասկածյալ խափանման միջոց կիրառել կալանքը։ Դատախազությունը սկսել է նրան միջազգային հետախուզման մեջ հայտարարելու ընթացակարգը։
Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի ֆեյսբուքյան հաղորդագրությանը։
«Նիկոլայ Վիկտորովիչ Բասկով, այս օրվանից ձեր դատավարական կարգավիճակը Ուկրաինայի պետության տարածքում կասկածյալ է։ Այսինքն՝ ուկրաինացի դատախազները կարծում են, որ դուք հանցագործություն եք կատարել, որի պատիժը ազատազրկումն է։ Ավելին՝ ուկրաինական դատարանը, ուսումնասիրելով հետաքննության և դատախազության դիրքորոշումը, եկել է այն եզրակացության, որ հնարավոր է բավարարել Ձեր կալանքի միջնորդությունը»,- գրել է նա։
Միաժամանակ գլխավոր դատախազն ընդգծել է, որ շատ մոտ ապագայում Բասկովը կկալանավորվի «այն երկրի իրավապահ մարմինների կողմից, որի սահմանը նա կհատի»։
Վենեդիկտովան Բասկովին խորհուրդ է տվել փաստաբաններ գտնել։
Ավելի վաղ ուկրաինական դատարանը որոշում էր կայացրել հեռակա կարգով ձերբակալել ռուս կատարող Օլեգ Գազմանովին և ռեժիսոր Նիկիտա Միխալկովին։