Միգուցե պետք է համոզենք Ռուսաստանին հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի երկիրն Արևմուտքից օգնություն ստանա. Սերժ Թանկյան

Ամերիկյան System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ առաջարկելով Ռուսաստանին համոզել հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը, ինչպես Ուկրաինան, օգնություն ստանա Արևմուտքից՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարելու համար։

«Միգուցե պետք է համոզենք Ռուսաստանին հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի Արևմուտքը մեզ զենք և փող տա Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարելու համար»,- գրել է Թանկյանը:

Մեկ այլ գրառման մեջ էլ երաժիշտը նշել է, որ թեև գնահատում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Ադրբեջանի հետ էսկալացիայից խուսափելու կոչը, սակայն դա, իր կարծիքով, նման է նրան, որ Ուկրաինային խնդրեն խուսափել ՌԴ-ի հետ էսկալացիայից: