Չնայած այն հանգամանքին, որ հոլիվուդյան դերասաններ Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդն ամուսնալուծվել են 2017 թվականին, նրանք դեռ հարաբերություններ պարզելու փուլում են։ Նախկին ամուսինների միջև դատական վեճերը շարունակվում են. աստղերից յուրաքանչյուրը բերում է նոր փաստեր իրենց համատեղ կյանքի մասին, որոնցից շատերն ապշեցուցիչ են:
Այս անգամ դատական նիստի ժամանակ ներկայացվել է ձայնագրություն, որտեղ «Կարիբյան ծովի ծովահեններ»-ի աստղն Էմբերին խնդրում է ծակող գործիքով վնասել իրեն, որպեսզի նա կարողանա մեղմել ցավը: Այն ձայնագրվել է 2016 թվականին, երբ նախկին ամուսինները հանդիպել են Սան Ֆրանցիսկոյում։ Այդ պահին Էմբերը Դեփին մեղադրել է ընտանեկան բռնության համար։
«Ես շփոթված էի, որ նա ուզում էր ինձ հետ շփվել: Բոլոր լուրերն այն ժամանակ այն մասին էին, որ ես, իբր, արել եմ այս բոլոր սարսափելի բաները»,- ասել է Դեփը:
Դերասանը հանդիպել է Էմբերին, քանի որ հույս ուներ, որ նա կհրաժարվի իր խոսքերից, սակայն դերասանուհին այդպիսի մտադրություն չի ունեցել։
«Ինձնից ամեն ինչ խլեցին. երեխաներս ստիպված են եղել բախվել այդ ամենին»,- պատմել է արտիստը։
Հանդիպման ժամանակ դերասանը հունից դուրս է եկել և գրպանից հանել է դանակը։ «Ես չգիտեմ, թե նրան ինչ էր պետք: Գրպանումս դանակ կար, հանեցի ու ասացի. «Ահա՛, կտրի՛ր ինձ, սա այն է, ինչ ուզում ես անել։ Ի վերջո, դու վերցրել ես ամեն ինչ: Ուզո՞ւմ ես իմ արյունը։ Վերցրու՛. խմի՛ր արյունս»։ Բայց նա հրաժարվեց»,- ասել է Դեփը դատարանում։
Հիշեցնենք, որ Դեփն ու Էմբերը սկսել են հանդիպել 2012 թվականին, ամուսնացել են 2015-ին և բաժանվել՝ 2017 թվականին։ Ամուսնալուծությունից հետո դերասանուհին նախկին ամուսնուն մեղադրել է ընտանեկան բռնության մեջ։ Որպես ապացույց՝ «Aquaman»-ի աստղը ցույց է տվել կապտուկներ և քերծվածքներ։ Դեփը հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։
Ավելի ուշ Էմբերը հոդված է գրել The Washington Post-ի համար, որտեղ նշել է, որ ընտանեկան բռնության զոհ է դարձել։ Ի դեպ, իր նյութում դերասանուհին անուններ չի նշել։ Սակայն Ջոնի Դեփը հասկացել է, որ նախկին կինը գրել է իր մասին։ Արդյունքում դերասանը Հերդի դեմ զրպարտության հայց է ներկայացրել 50 միլիոն դոլարի չափով։