Ավելորդ քաշն ու ճարպակալումը ներկայում բավական լուրջ խնդիր են, որոնց դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ։ Ավելորդ կիլոգրամները բարձրացնում են առողջական մի շարք խնդիրների զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են օր առաջ ազատվել այս խնդրից ու կարգի բերել կազմվածքը։
Ավելորդ քաշից ազատվելու և գեղեցիկ ու սլացիկ կազմված ձեռք բերելու համար մարդիկ սովորաբար դիմում են խիստ սննդակարգերի ու ինտենսիվ մարզումների օգնությանը, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ հանգեցնում են առողջական մի շարք խնդիրների զարգացման։ Նման խնդիրների զարգացումից խուսափելու համար հարկավոր է ճիշտ մոտեցում ցուցաբերել քաշի նվազեցման գործընթացին և խուսափել մի շարք կոպիտ սխալներից, ուստի սննդաբան Ալբինա Կոմիսարովան ներկայացրել է այդ սխալներից ամենատարծվածները։
Մասնագետի խոսքով՝ հնարավորինս արագ նիհարելու ցանկությունն ստիպում է մարդկանց կիրառել խիստ վնասակար մեթոդներ, որոնցից մեկը կյանքը նոր էջից սկսելն է։
«Օրինակ՝ մեկնարկային կետ սահմանել երկուշաբթին։ Առավոտյան արթնանալ ու կիտրոնով ջուր խմել, մարմնամարզություն անել, ավոկադոյով տոստ ուտել, մարզասրահ այցելել, իսկ երեկոյան վերջապես նորմալ սնվել»,- նշել է մասնագետը՝ ներկայացնելով նաև մի շարք այլ տարածված սխալներ, որոնք թույլ են տալիս ավելորդ քաշի դեմ պայքարողները։ Դրանց շարքին են դասվում․
- խիստ դետոքս-սննդակարգերը, հոգնան ու օրգանիզմը մի քանի օրում մաքրելու փորձերը,
- օրական 1200 կամ ավելի քիչ կալորիա պարունակող սննդակարգը,
- մթերքը «վնասակարի» և «օգտակարի» բաժանելն ու առաջինից կտրականապես հրաժարվելը,
- ամեն օր կշռվելն ու ցուցանիշները վերահսկողության տակ պահելը,
- բոլոր խորհուրդներին միաժամանակ հետևելն ու կենսակերպը կտրուկ փոխելը,
- մեծ քանակությամբ հետազոտություններ անցնելն ու դրանից հետո տարատեսակ նիհարեցնող սննդային հավելումներ ընդունելը։
Այս տարածված սխալները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա՝ ոչ միայն չնպաստելով քաշի նվազմանը, այլև բարձրացնելով վտանգավոր խանգարումների զարգացման հավանականությունը։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru