37-ամյա ռուսաստանաբնակ հայ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը քննադատել է 68-ամյա երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովի հայտարարություններն ընդդեմ Ռուսաստանի և նրան անվանել «սրիկա», գրում է StarHit-ը:
Վերջերս Բորիս Գրեբենշչիկովը հերթական անգամ քննադատել է Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությունը, ինչպես նաև ասել, որ 12 միլիոն եվրո է փոխանցել այս երկրին օգնող բարեգործական հիմնադրամին։ Երաժշտի արարքին դեմ են արտահայտվել բազմաթիվ ռուս արվեստագետներ, ինչպես նաև մշակույթի գործիչներ։
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ իրեն վրդովեցրել են Գրեբենշչիկովի հայտարարությունները պետության հասցեին, որտեղ արտիստը երկար ժամանակ գումար է վաստակում։
«Զարմանալի է, թե ինչ ահռելի քանակությամբ սրիկաների է կերակրում Ռուսաստանը, որոնք գործում են նրա դեմ: Ամո՛թ այս մարդկանց։ Եթե նույնիսկ մի օր պետությունը ների նրանց, իսկ դա տեղի կունենա… հույս ունեմ, որ ժողովուրդը չի ների այս սրիկաներին»,- ասել է Անդրեասյանը: