Մահացել է դերասան Վրեժ Հակոբյանը

Կյանքից հեռացել է թատերական գործի կազմակերպիչ, դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը։ Լուրը հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։

Վրեժ Հակոբյանը ծնվել է 1938 թվականին Հունաստանի Աթենք քաղաքում։ 1947 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում։

Եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, 1977 թվականին նշանակվել է թատրոնի փոխտնօրեն, 1982 թվականին՝ տնօրեն։ Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք արտասահմանյան երկրներում։ Եղել է ՀՀ մշակույթի նախարարության թատերարվեստի վարչության պետը, ղեկավարել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, 2003-2013 թվականներին եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը։

Խաղացած ներկայացումներից են` «Լաբիրինթոս» (Ժուռնալիստ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Ռոդրիգո), Վ.Դեմարի «Հիշիր վաղվա օրը» (Ռոբերտ), Վ.Փափազյանի «Ժայռը» (Սերոբ), Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» (Արտակ Մոկաց) և այլն: Դերեր է կերտել նաև մի շարք մանկական հեքիաթներում: Նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Կարինե» (1967թ.), «Մորգանի խնամին» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Մհերի արկածները արձակուրդում» (1973թ.), «Ժայռ» (1973թ.), «Երկունք» (1976թ.), «Արևիկ» (1978թ.), «Թռիչքը սկսում է գետնից» (1980թ.), «Правила охоты. Штурм» (2015թ.), «Բրավո, վիրտուոզ» (2015թ.) և այլն: 1992թ., Շաքե Թուխմանյանի և Ժան Նշանյանի հրավերով, մեկնել է ԱՄՆ, որտեղ Վ.Աճեմյանի անվան թատերախմբում խաղացել է Հ.Պարոնյանի «Շողոքորթն» (Թադե), «Պաղդասար ախպար» (Կիպար), Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Վասիլ) ներկայացումներում: