Ինչպես նիհարել առանց դիետաների

Ամերիկացի դիետոլոգները նշել են պարզ եղանակներ, որոնք կօգնեն նիհարել առանց սահմանափակումների և հոգնեցուցիչ վարժությունների:

«Eat This, Not That!» պարբերականը գրում է, որ ըստ սննդաբանների, նիհարելու համար առաջին հերթին պետք է փոխել սննդային սովորությունները։ Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել ուտելուց։

Ընդհակառակը, ինչպես նշել է սննդաբան Բլանկա Գարսիան, պետք է ուտել պարբերաբար և փորձել բաց չթողնել նախաճաշը։ Կարևոր է՝ նախաճաշին ուտել ամբողջական ձավարեղեն, խմել սև սուրճ կամ թեյ առանց քաղցրացուցիչների և սերուցքի։

Դանիել ՄքԷվոյը նիհարել ցանկացողներին խորհուրդ է տալիս պահպանել միջերկրածովյան սննդակարգը՝ սննդակարգում ավելացնելով ավելի շատ յուղոտ ձուկ և կանաչեղեն։

«Միջերկրածովյան դիետան հաճախ նշվում է որպես քաշի կորստի լավագույն տարբերակ, քանի որ հեշտ է անցնել դրան և դժվար չէ երկար ժամանակ հետևել այդ սննդակարգին, – բացատրել է նա:

Նրա կարծիքով՝  կարելի է փորձել նաև ինտերվալային ծոմապահությունը։ Քաշի կորստի այս մեթոդի հետևորդները ծոմի օրերին ձեռնպահ են մնում ուտելուց կամ սովորականից մի քանի անգամ քիչ են ուտում։ ՄքԷվոյն ընդհատվող ծոմապահության արդյունավետությունը բացատրում է նրանով, որ այն ստիպում է օրգանիզմին այրել ճարպը ածխաջրերի փոխարեն և նպաստում է նվազեցնել կալորիաների ընդունումը:

Մեկ այլ սննդաբան Ալիսա Բերնիսոնն էլ կարևորում է գիտակցված սնունդի ընդունումը։ Նրա խոսքով՝ գրեթե 20 րոպե է պահանջվում ուղեղին հագեցվածության մասին հաղորդագրություն ուղարկելու համար, ուստի դանդաղ ուտելն օգնում է կանխել շատակերությունը: