Միլանում ընթացող Emerging Talents Milan նորաձեւության միջոցառման ընթացքում հայ դիզայներներն աշխարհին կոչ են արել Հայաստանի կողքին լինել`դատապարտելով ադրբեջանական ագրեսիան:
Նախքան ցուցադրությունը սկսելը, հայ դիզայներները իրենց ուղերձն են հնչեցնում և խնդրում, որ իրենց գործընկերները նույնպես կանգնեն Հայաստանի կողքին և դատապարտեն ադրբեջանական ագրեսիան։
Հայ դիզայներները ներկայացել են «Stand with Armenia» գրությամբ շապիկներով, ոտքի են կանգնել հանդիսատեսի շարքերից՝ բարձրանալով հարթակ, ինչն էլ արժանացել է հանդիսատեսի կողմից բուռն ծափահարությունների:
Իրենց պաշտոնական էջում նաև հրապարակվել են լուսանկարներ:
«2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը սկսեց լայնածավալ ագրեսիա և ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հարյուրավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ են զոհվում և վիրավորվում, քաղաքացիական անձանց տներն ու ենթակառուցվածքներն են գնդակոծվում և ավերվում։ Հաղորդվում է, որ սպանվել է 3 երեխաների մայր մեկ կին։ Ադրբեջանցի զինվորները նրան անդամահատել են, կտրել ոտքերը, մատները։ Մենք այստեղ ենք ՝ Emerging Talents Milan-ում, տոնելու գեղեցկությունը և դատապարտում ենք ցանկացած տեսակի բռնություն: Մենք Հայաստանի հե՜տ ենք»,- գրված է հաղորդագրության մեջ: