Երգչուհի Անգելինա Գասպարյանը՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը, անդրադարձել է իր քրոջ դեմ հարցված քրեական գործին՝ ընդգծելով, որ տեղեկությունները կեղծ են:
Tert.am Life-ը ներկայացնում է Անգելինա Գասպարյանի մեկնաբանությունը թեմայի վերաբերյալ:
«Առհասարակ մեկ-մեկ նենց ծիծաղելու և աբսուրդ բաներ են գրում, որոնց մի հավատացեք: Ինձ հետ կապված տեղեկությունների 90%-ը սխալ են ու իմ հետևորդները գիտեն դրա մասին: Միակ մարդը, որը կարող է իմ կյանքի վերաբերյալ որևէ բան հայտարարել, ես եմ: Չար մարդկանց ասածներին ուշադրություն մի դարձրեք: Ես միշտ ծիծաղում եմ իրենց վրա: Ես հասկանում եմ, որ վառված մարդիկ հիմա շատ են և փորձում են վատություն անել, բայց շտապում եմ ձեզ տեղեկացնել՝ իմ կյանքում ամեն ինչ լավ է, ինչպես միշտ»,- գրել է Անգելինա Գասպարյանը:
Անդրադառնալով ընտանիքի մասին լուրերին նա ընդգծել է, որ ընտանիքի հետ կապված ապատեղեկատվություններին պետք չէ հավատալ:
«Առհասարակ իմ ընտանիքի հետ կապված շատ սուտ բաներ են գրում. չհավատաք, եթե մի բան նենց չլիներ՝ դուք կզգայիք իմ սթորիներից, քանի որ ես ակտիվ եմ շատ»,- հավելել է երգչուհին:
Նշենք, որ ըստ Գլխավոր դատախազության, 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Գասպարյանի դուստր Յ.Գ.-ն, 2015-ից Ոստիկանությունում նշանակվել է պաշտոնի, ստացել ոստիկանության փոխգնդապետի կոչում, ապա իր զեկուցագրի հիման վրա 2018-ին ազատվել ծառայությունից, իսկ պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, դատախազության փոխանցմամբ, առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:
Վերը նշված ժամանակահատվածում Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ, աշխատանքի չհաճախելով և ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելով, ստացել և կանխիկացրել է իրեն տրամադրված գումարները, որոնք իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե-ն (Լևոն Երանոսյանը)։