Հայաստանը «Մանկական Եվրատեսիլի» հոբելյանական 20-րդ տարին նշում է այնպես, ինչպես պետք է նշել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը` պատասխանելով կատարված ծախսերի մասին հարցին։ Գրում է Sputnik Արմենիան:
«Մենք 20-ամյակը նշում ենք այնպես, ինչպես պետք է նշենք «Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակը։ Այս անգամ այն պետք է տարբերվի նրանով, որ հոբելյանական է։ Կարծում եմ սա մեզ համար նաև հնարավորութուն է` ցույց տալու, որ Հայաստանը կարող է ընդունել մեծամասշտաբ միջոցառումներ, պլանավորել դրանք ու անցկացնել բարձր մակարդակով»,- նշեց Մովսիսյանը։
Նա ընդգծեց, որ ծախսերը հիմնականում արվել են բավականին մեծ քանակությամբ տեխնիկա (լույսեր, LED էկրաններ, ձայնային համակարգեր, նկարահանող հատուկ տեխնիկա) վարձակալելու և արտասահմանից բերելու համար։ Այս ամենի համար ծախսվել է բյուջեի գրեթե կեսը։
Մեծ ծախսեր են եղել նաև բացման արարողության միջոցառման մասով։ Հատկացված բյուջեից գումար ուղղվել է նաև մետրոյում միջոցառում իրականացնելու համար։ Ըստ Մովսիսյանի, բավականին մեծ գումար ծախսվել է նաև ներգրավված աշխատակազմի աշխատավարձերը տրամադրելու համար։