Ես երջանիկ եմ, որ իմ կարիերան այսպես է ընթանում․ Ռոզա Լինը՝ հաջողության և Եվրատեսիլի մասին (լուսանկարներ)

«Մանկական Եվրատեսիլ-2022»-ի մասնակիցները պետք է կենտրոնացնեն իրենց ողջ ներուժը՝ ցույց տալու իրենց «ես»-ը և երգը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Եվրատեսիլ-2022»-ի հայաստանյան ներկայացուցիչ Ռոզա Լինը: Այս մասին գրում է Sputnik Արմենիան։

«Չգիտեմ` Հայաստանն ինչ հորիզոնական կզբաղեցնի, և, առհասարակ, ոչ միայն Նարեին, այլ բոլոր մասնակցներին ուզում եմ ասել, որ կարևոր չէ, թե ինչ հորիզոնական կզբաղեցնեն, պետք չէ այդ մասին մտածել: Իմ փորձից էլ եմ ասում: Կարծում եմ` մասնակիցները պետք է իրենց մաքսիմալն անեն, և ճիշտ մարդիկ դա կնկատեն ճիշտ ժամանակին»,- ասաց Ռոզան:

Նա ընդգծեց, որ բոլոր մասնակիցները պետք է կենտրոնանան իրենց ելույթի վրա, և եթե լավ երգեն, զգան այն, ինչ անում են, ապա ամեն ինչ հիանալի կլինի:

Նա խորհուրդ տվեց բոլոր երկրների ներկայացուցիչներին մրցույթից միայն լավ հիշողություններ ունենալ, ինչպես ինքն է արել:

Նշենք, որ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի «Snap» երգը դարձել է «Եվրատեսիլ»-ի պատմության ամենաշատ լսված 2-րդ երգը Spotify-ում: «Snap»-ն առաջ է անցել «Zitti e buoni»-ից՝ դառնալով Spotify-ում բոլոր ժամանակների 2-րդ ամենաշատ հեռարձակվող եվրատեսիլյան երգը՝ «Arcade»-ից հետո:

«Ես վստահ էի՝ Snap-ը կունենա բարձր ցուցանիշներ Եվրատեսիլում, բայց այդ ցուցանիշները գրանցվեցին մրցույթից հետո: Ես երջանիկ եմ, որ իմ կարիերան այսպես է ընթանում և շարունակվում, բայց ինչ վերաբերում է կյանքի փոփոխությանը, կարծում եմ, երջանկությունը պետք է գտնել ներսում»,- նշեն նա:

Խոսելով այս շրջանի և հետագա գործունեության մասին երգչուհին նշեց՝ մրցույթից հետո շատ բարդ ժամեր են եղել:
«Ես եղել եմ զայրացած և դա բարդ փորձ էր, բայց ես այն շրջեցի, իսկ երգի հաջողությունը եկավ մեկ ամիս հետո և բավականին մեծ ալիքով: Ես ստորագրեցի պայմանագիրն ու մեկնեցի Լոս Անջելես: Առաջին ձայնասկավառակում լինելու են այլ բնույթի հարցեր: Ես փաստացի չեմ հաղթել Եվրատեսիլը, քանի որ փորձում եմ օբյեկտիվ նայել իրավիճակին, բայց այս ցուցանիշներն ինձ թևեր են տալիս»,- ասաց երգչուհին:

Հիշեցնենք` «Մանկական Եվրատեսիլ-2022-ը» անցկացվելու է 2021 թվականի հաղթող երկրում` Հայաստանում։ 2021–ին մրցույթն ընթացել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Հայաստանը ներկայացնող 14-ամյա Մալենան կատարել էր «Քամի-քամի» երգը։

«Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի շոուները Հայաստանում տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Եզրափակիչը դեկտեմբերի 11-ին է։ Մեր երկիրը կներկայացնի Նարե Ղազարյանն իր «DANS» երգով։

Հավելենենք, որ դեկտեմբերի 5-ին Երևանի Հանրապետության հրապարակում մեծ հանդիսավորությամբ վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը, որով ազդարարվեց «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի մեկնարկը։