Նիհարել ցանկացողները սովորաբար հիմնական ուշադրությունը կենտրոնացնում են սննդի վրա, մինչդեռ ոչ պակաս կարևոր են նաև ըմպելիքները, որոնք օգտագործում է մարդն օրվա ընթացքում։ Այս մասին, ինչպես փոխանցում է medikforum.ru կայքը, ասել է ներզատաբան Օլգա Պավլովան՝ ներկայացնելով այն ըմպելիքները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ քաշի նվազեցման գործընթացի վրա կամ օգնել խթանել այդ գործընթացը։
«Լիովին բացառում ենք քաղցր հյութերը, օշարակներով ու սերուցքով սուրճերը, քաղցր կոկտեյլները։ Դրանք լրջորեն նպաստում են քաշի ավելացմանը։ Նախապատվությունը տալիս ենք այն ըմպելիքներին, որոնք օգնում են նիհարել՝ սև սուրճին, կանաչ թեյին, մաքուր ջրին», – նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ սև սուրճը պարունակում է կոֆեին, որն արագացնում է նյութափոխանակության գործընթացը։ Սակայն խոսքը միայն բնական սուրճի մասին է։ Բացի այդ, սուրճը միզամուղ ազդեցություն է ունենում, ինչի շնորհիվ օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը։
Նման ազդեցության հասնելու համար հարկավոր է սուրճը խմել առանց հավելումների ու առանց շաքարի, սակայն եթե այն հանգեցնում է զարկերակային ճնշման բարձրացման, ապա այս ըմպելիքից հարկավոր է խուսափել։
Կանաչ թեյը նույն կերպ է ազդում, քանի որ դրանում կոֆեինի պարունակությունն անգամ ավելի մեծ է, քան սուրճում։ Կարելի է ընտրել կանաչ թեյի ցանկացած տեսակ՝ ուլուն, հասմիկով թեյ, պուեր և այլն, սակայն հարկ է հիշել, որ այն ևս պետք է խմել առանց հավելումների ու քաղցրացուցիչների, քանի որ դրանք խթանում են ինսուլինի մակարդակի բարձրացումը։
Ոչ պակաս արդյունավետ է նաև մաքուր ջուրը։ Ընդ որում՝ մասնագետը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ հենց հասարակ ջրին, քանի որ այն աշխարհում ամենաօգտակար ըմպելիքն է։ Ջուրը մաքրում է օրգանիզմը, սնուցում է բոլոր բջիջներն ու նպաստում է լյարդի ու երիկամների աշխատանքի բարելավմանը։ Սա է պատճառը, որ օրվա ընթացքում օգտագործվող հեղուկի ընդհանուր քանակի 50 տոկոսը պետք է մաքուր ջուրը կազմի։