Երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է Արցախի շրջափակման վերաբերյալ տեքստ՝ խնդրելով տարածել այն:
«Սիրելի մարդ, ձմռան կեսին Ադրբեջանը փակել է Արցախը աշխարհի մնացած մասին կապող միակ ճանապարհը… Եկեք դադարեցնենք Ադրբեջանի անողոք հարձակումը հայերի նկատմամբ: Մեր կառավարությանն ու ՄԱԿ-ին կոչ ենք անում դատապարտել Ալիեւի ռեժիմը եւ անհապաղ մարդասիրական օգնության ավիափոխադրում կազմակերպել», – գրել է երաժիշտը:
Ավելի վաղ Սերժ Թանկյանն անդրադարձել էր հայ ռազմագերիների գնդակահարությանը: «Կիրակի օրը սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորականները մահապատժի են ենթարկում գերի ընկած հայ զինվորներին, հակակրանք է առաջացրել Հայաստանում եւ կառավարությանը հաշվետվություն տալու կոչեր են հնչել: Ռազմագերիների սպանությունը համարվում է Ժնեւի կոնվենցիաների «լուրջ խախտում»», – գրել էր նա: