Ալեքսանդր Բաբասյանն ու Էթերի Ոսկանյանն՝ ամուսնական զույգ․ «3 նամակ Բելլայից» նոր հեռուստասերիալի մանրամասները

Այսօրվանից Արմենիա TV-ի եթերում կմեկնարկի Ելենա Արշակյանի «Երեք նամակ Բելլայից» նոր հեռուստասերիալը։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, նախագծում գլխավոր դերերում կներկայանան արդեն իսկ սիրային զույգի մարմնավորելու փորձ ունեցած դերասաններ Էթերի Ոսկանյանն ու Թելման Խաչատրյանը։

Հեռուստասերիալում կնկարահանվեն նաև Ալեքսանդր Բաբասյանը, Տաթև Սարգսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ալլա Վարդանյանը, Իրինա Այվազյանը, Մագա Հարությունյանը, Լևոն Ղազարյանը և մի շարք այլ դերասաններ, որոնց հեռուստադիտողը հասցրել է սիրել տարբեր նախագծերից:

Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանն օրեր առաջ Tert.am Life-ի հետ զրույցում խոսել էր գլխավոր դերակատարների՝ Թելմանի և Էթերի կերպարների մասին, և նշել, որ առաջին անգամ են նման փորձ ունենում, երբ սերիալային զույգը կրկնվում է, իսկ ռեժիսոր Քաջայր Հակոբյանը մանրամասնել է՝ ինչ կերպարներ են մարմնավորելու դերասաններն այս նախագծում: 

«Այս նախագծում նրանց երկուսի խառնվածքները, պատմությունը լիովին այլ են, չնայած արտասահմանյան մեդիաշուկայում մենք հաճախ կհանդիպենք նմանօրինակ փորձեր, երբ զույգերը կրկնվում են: Էթերին մարմնավորում է բժշկուհու, որը գեներալի դուստրն է և այստեղ ամեն բան այլ է. խառնվածք, մոտեցումներ, ապրելակերպ և մտածելակերպ: Թելմանն այս նախագծում «կյանքի տղա է», որը սովորել է արտերկրում, սիրում է կյանքը, վայելում է այն և խաղարկային թեթև կերպար է»,- նշել է ռեժիսորը:

Նախագծում սյուժեն կառուցվում է 2 ընտանիքի շուրջ, որոնցից մեկը գեներալի ընտանիք է, իսկ մյուսը գնդապետի, ընտանիքները հետագայում փոխկապակցվում են նաև բարեկամական հարաբերություններով:

Հեռուստասերիլում գլխավոր դեր կունենա նաև Ալեքսանդր Բաբասյանի կեպարը, դերասանը նշել է, որ իր համար նախագծին մասնակցելու կարևոր նախապայմաններից մեկը սցենարն ու կերպարային լուծումներն են:

«Ուրախ եմ նկարահանվել նախագծում, որն իսկապես հետաքրքիր սցենարային լուծումներ և երանգներ ունի: Ինձ համար կարևոր է, որ ես կարողանամ գույներ տալ կերպարին, աշխատել նրա հետ, կերտել և հասկանալ բնավորության գծերը: Նախագծում ես Գոշն եմ, որը մասնագիտությամբ իրավաբան է, գնդապետի որդին: Ես սիրում եմ մարմնավորել կերպարներ, որոնք երկար են հիշվում և տպավորվում են մարդկանց մեջ: Վստահ եմ՝ այս կերպարը բացառություն չի լինելու»,- մանրամասնել է դերասանը:

Հավելենք նաև, որ Ալեքսանդրն ու Էթերին նախագծում կներկայանան ամուսնական զույգի կեպարով։ Նշենք, որ հեռուստասերիալի նախապատրաստական աշխատանքները և նկարահանումները սկսվել են դեռևս նախորդ տարվա ամռանից: