Ջեյմս Քեմերոնն աշխատում է «Տերմինատորի» նոր մասի վրա

Ջեյմս Քեմերոնն աշխատում է «Տերմինատոր» ֆիլմաշարի նոր մասի վրա։ Այդ մասին նա ասել է Dell Tech World համաժողովում, գրում է World of Reel-ը։

Քեմերոնի խոսքով՝ ինքը ֆիլմի սցենարը սկսել է գրել երեք ամիս առաջվանից։ Ռեժիսորն ընդգծել է, որ վերջին ամիսներին հետևում է արհեստական բանականության զարգացմանը և ցանկանում է հենց դրա շուրջ պատմություն կառուցել։

Ջեյմս Քեմերոնը «Տերմինատոր 2: Դատաստանի օրը» ֆիլմից հետո չի զբաղեցրել ֆիլմաշարի հաջորդ մասերի ռեժիսորի աթոռը։

Վերջերս հոլիվուդյան դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը հաստատել է, որ երբեք չի վերադառնա Տերմինատորի դերին համանուն ֆիլմաշարում։

«Ֆրանշիզը չի ավարտվել: Բայց ես ավարտել եմ»,- ասել է Շվարցենեգերը: Նա հավելել է. ««Տերմինատորը» մեծ ներդրում է ունեցել իմ հաջողության գործում, և ես միշտ սիրով եմ նայել դրան»: Շվարցենեգերը կարծում է, որ ինչ-որ մեկը պետք է «լավ գաղափարով հանդես գա»։