Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները սոցցանցերում յուրահատուկ ֆլեշմոբ են սկսել ի աջակցություն Արցախի, որը դեկտեմբերի 12-ից գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։
Միջազգային հանրությանը կոչով դիմել են հաղորդավար, երգիչ Գարիկ Պապոյանը, երգչուհի Իվետա Մուկուչյանը, «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան, երգիչ Արամ MP3-ն ու երգչուհի Սոնա Ռուբենյանը։
Ֆլեշմոբին են միանում նաև ճանաչում ունեցող այլ անձինք, բլոգերներ, որոնք մեծ լսարան ունեն։
Նրանք պատմում են, որ Լաչինի միջանցքը կյանքի ճանապարհ է, որն Արցախը միացնում է Հայաստանին և ամբողջ աշխարհին։
«Ավելի քան 120 հազար հայ այժմ գոյատևում է ծանր պայմաններում՝ առանց անհրաժեշտ սննդի, դեղորայքի և կենցաղային այլ կարևոր պարագաների: 30 000 երեխա, 20 000 մեծահասակ, առողջական խնդիրներով 9000 մարդ և 2000 հղի կին օգնության կարիք ունեն, բայց աշխարհը լուռ է․․․ »,–ասում են նրանք իրենց ուղերձներում։
Նրանք շեշտում են` կա մեկ իրականություն` Արցախում մարդիկ սովամահ են լինում, որը մարդկային աղետ է և անհապաղ լուծում է պահանջում։