«Սևազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

Սև հումոր՝ նույնքան սև ու սյուրռեալիստական սյուժեով․ երեկ՝ սեպտեմբերի 14-ին կայացավ «Սևազգեստ կանայք» ֆիլմի փակ պրեմիերան։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր դեռ նախորդ տարի, սակայն ինչ-ինչ պատճառնով միայն հիմա կայացավ։

Ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ռեժիսորը՝ Գոռ Կիրակոսյանը և դերասանները հետաքրքիր և զավեշտալի մանրամասներ են պատմել նկարահանումներից և իրենց կերպարներից։

«Ֆիլմի մտահղացումն առաջացել է դեռ 5-6 տարի առաջ, երբ ընկերս՝ Դավիթ Բաբախանյանը, ասաց, որ մի լավ գաղափար ունի, ասաց, որ ֆիլմն իսկը ինձ համար է, և հենց ես այն պետք է նկարեմ։ Եվ հենց այդ ժամանակ տվեց, այսպես ասած, ֆիլմի ողնաշարը, այնն է, որ մի մարդու թաղման ժամանակ հայտնվում են նրա սիրուհիները։ Դրանից հետո մոտ մեկ տարի մենք քննարկել ենք ֆիլմի գործողությունները, մեզ միացավ նաև Աշոտ Աբրահամյանը, և մենք սկսեցինք գրել սցենարը։ Սցենարի հետ աշխատանքները սկսել ենք 2019 թվականին, երբ նկարում էինք «Ազնիվ գողեր» ֆիլմը։ 2020-ին սցենարն արդեն պատրաստ էր, և մենք պետք է սկսեինք նկարահանումները, բայց սկսվեց Քովիդը, ու մենք մեկ տարի այն հետաձգեցինք։ 2021-ին ես վերադարձա Հայաստան և նկարեցինք ֆիլմը»,- մանրամասնում է ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը։

Ֆիլմում նկարահանվել են Դիանա Մալենկոն, Ելենա Վարդանյանը, Արտյոմ Մարկոսյանը, Իվետա Մուկուչյանը, Լուիզա Ներսիսյանը, Ռոզի Ավետիսովան, Ռոմելա Սարգսյանը, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը և շատ ուրիշներ։

Ֆիլմում ներկայացվում է դավաճանության թեման, սակայն ռեժիսորն ու հանգուցյալին մարմնավորած Արտյամ Մարկոսյանը նշեցին, որ իրենք ամենևին էլ նպատակ չեն ունեցել այդ քայլը որևէ կերպ արդարացնել։ «Ֆիլմին պետք է նայել որպես կոմեդիա՝ հետաքրքիր ընթացքով։ Բայց միևնույնն է՝ վերջում էլ հերոսն ինքն է ասում, որ ես այսպես եմ ապրել, բայց սա ճիշտ չէ, դու գտիր և ունեցիր քո կյանքում միակին»,- նշում է Արտյոմ Մարկոսյնաը։

Ռաֆայել Երանոսյանն իր հերթին ավելացրեց, որ ֆիլմում պետք չէ փնտրել հատուկ մեսիջներ և ինչ-որ դաստիարակչական տարրեր, պետք է պարզապես նայել, ծիծաղել և լավ ժամանակ անցկացնել։

Արտյոմ Մարկոսյանը, խոսելով դագաղում պառկելու իր փորձի մասին, պատմեց․ «Սկզբում բնական է, որ անսովոր էր, այնպես չէ, որ ամեն օր պառկում ենք դագաղի մեջ․․․ Բայց դա տևեց շատ կարճ։ Ես կխոստովանեմ, որ մինչ նկարահանումը փորձ չենք արել, ես առաջին անգամ հենց նկարահանման հրապարակում եմ պառկել դաղագի մեջ, և ամեն ինչ միանգամից ստացվել է։ Ինձ համար ամենադաժանը շոգը հաղթահարելն էր։ Չափազանց շոգ էր, իսկ ես ստիպված էր նաև շունչս պահել»։

Հանդիսատեսին կզարմացնի Ռոմելա Սարգսյանի կերպարը։ «Իրականում քասթինգին կաչելուց առաջ ինձ չէին ասել, որ կերպարս այդքան համարձակ է լինելու։ Ես միանգամից հրաժարվում եմ, ասում, որ այդ կերպարն ինձ համար շատ համարձակ է։ Բայց դեռ Գոռի մոտ չէի մտել քասթինգի։ Երբ մտա ռեժիսորի մոտ, ասացի, որ չեմ ուզում։ Ինքն էլ ասաց՝ մի հատ շարժվի, տեսնեմ, կարողանում ես լավ շարժվել։ Ես արեցի ինզնից պահանջվողը, Գոռն ինձ տվեց սցենարն, ասաց, որ կարդամ, հետո նոր մտածեմ և պատասխան տամ։ Եվ այդպես հայտնվեցի նախագծում»,- պատմում է Ռոմելան։

Գոռ Կիրակոսյանը նաև հավելեց, որ Ռոմելան երկու ամիս գնացել է պարի դասերի, որ կարողանա իրենց պահանջվողը ճիշտ ներկայացնել։

Հեշտ չի եղել նաև Ռոզիի իր կերպարում ընտրությունը։ Երբ կարծես թե ամեն ինչ հաղթահարված է եղել, ռեժիսորը Ռոզիին հայտնել է, որ դերասանուհու մազերի մի հատվածը պետք է կտրեն և ճաղատացնեն։ Մի քանի ամիս համոզելուց հետո Ռոզին ի վերջո համաձայնվել է։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են հանգուցյալի հոգեհանգստի արարողության ժամանակ, երբ հերթով հայտնվում են վերջինիս սիրուհիները։ Ամեն ինչ այդքան էլ վատ չէր լինի, եթե հանգուցյալը կին և դուստր չունենար։ Աղջիկն էլ իր հերթին փորձում է այնպես անել, որ մայը չիմանա հոր դավաճանությունների մասին, իսկ թե հետ ինչ է պատահում հետո, կիմանաք ֆիլմը դիտելով։ Այն այսօրվանից հասանելի է բոլոր կինոթատրոններում։

Հեղինակ՝ Լուս Ավագյան