«Ռոզալի» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)

Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում հանդիսատեսի դատին հանձնվեց «Ռոզալի» կատակերգությունը: Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, կայացավ ֆիլմի պրեմիերան, որի վրա աշխատել են ռեժիսոր Դավիթ Բաբախանյանն ու պրոդյուսեր Արման Միտոյանը:

«Ռոզալի»-ն արհեստական բանականության և սիրո մասին է, և թե ինչպես կարող է սերն ազդել ռոբոտի «մարդկայնացման» գործընթացին: Ֆիլմում գլխավոր դերերը բաժին են հասել հումորիստ, դերասան Պոնչին (Տարոն Իսպիրյան) և դերասանուհի Նաստասյա Գոլովկոյին:

ShowBiz.am-ը ներկա է եղել պրեմիերային և ներկայացնում է մանրամասները:

Արման Միտոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրել են այնպիսի թեմա, որը բոլորին է հետաքրքիր: «Այսպիսի ֆիլմ արված չէր և ճիշտ ժամանակն էր անելու: Ժանրը ընտրել ենք կոմեդիա, քանի որ Դավիթ Բաբախանյանն այն  ռեժիսորներից մեկն է, ով լավագույն կերպով է ներկայանում այս ձևաչափում: Այսպես ասեմ՝ եթե Դավիթ Բաբախանյան, ապա կատակերգություն»,- նշում է Միտոյանը:

Խոսելով դերասանական կազմի և գլխավոր հերոսների ընտրության մասին՝ պրոդյուսերը մանրամասնում է. «Այս կերպարում Տարոնի ընտրությունը շատ պարզ էր. երբ նրա հետ քաղաքում քայլում ես, երեխաները նրան 5 րոպե ազատ չեն թողնում: Բացի այն, որ նա շատ շնորհալի է, Տարոնը նաև շատ սիրված է այսօր: Նաստյայի առումով երկար փնտրտուքների մեջ ենք եղել: Մեր նպատակն էր ունենալ մի աղջիկ, ում այնպես կկերպարանափոխեինք, որ անճանաչելի կդառնար, և կարծում եմ՝ դա մեզ մոտ ստացվել է»:

Ֆիլմն ավարտվում է հետագա զարգացման ակնկալիքով, բայց այն շարունակություն կունենա, թե՝ ոչ, կախված է առաջին մասի գրանցած հաջողություններից: «Բայց ես վստահ եմ, որ ֆիլմն ունենալու է շարունակություն, քանի որ նախագիծը կսիրվի»,- ասում է Արման Միտոյանը:     

Գլխավոր հերոսներից մեկը՝ Տարոնը, կարծում է, որ հանդիսատեսն ամբողջ ընթացքում չի ձանձրանա և մեկ շնչով կդիտի ֆիլմը. «Իմ հերոսի անունը Առաքել է: Անվան ընտրությունը խորհրդանշական է, իմ կերպարն ունի առաքելություն, ինչի շուրջ էլ ծավալվում են ֆիլմի գործողությունները: Ֆիլմը տևում է 1 ժամ 35 րոպե, բայց իմ կարծիքով՝ դիտում ես մեկ շնչով: Շատ թեթև, շատ սիրուն, ծիծաղելի և հուզիչ ու շատ զարմացնող ֆիլմ է: Գլխավոր հերոսուհու հետ առաջին անգամ էինք համագործակցում, և ես ուղղակի հիացած եմ իմ գործընկերուհու աշխատանքով: Հրաշալի դերասանուհի է, պրոֆեսիոնալ մասնագետ, ով պահում էր նկարահանման ամբողջ շունչը:  Իրականում այս դերը շատ բան սովորեցրեց, այն է, որ միշտ շանս կա փոխվելու դեպի լավը»:

Ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանն ուրախությամբ արձանագրում է՝ «վեջապես հանդիսատեսի դատին ենք հանձնում մեր աշխատանքը»: Ըստ ռեժիսորի՝ ֆիլմ արտադրելուց միշտ ցանկանում ես առաջին հերթին մտածել մի բան, որը կգրավի հանրության ուշադրությունը, կլինի հետաքրքիր. «Հետո նոր այդ հետաքրքիր մտքի շուրջ կկառուցես գաղափարը: Մեր կարծիքով՝ սա այն միտքն է, որը ժամանակակից է, արդիական և անշուշտ հետաքրքիր երիտասարդ սերնդին: Ֆիլմում հետաքրքիր մեսիջ կա՝ դարձեք մարդ: Ֆիլմի ընթացքում մեր ռոբոտ աղջիկը ձեռք է բերում մարդկային հատկանիշներ, այսինքն՝ դառնում է մարդ»:

Անդրադառնալով Նաստյայի կերպարին և գլխավոր դերում  նրա ընտրությանը՝ ռեժիսորը բացահայտնում է. «Ես Նաստյային ընտրել եմ, որովհետև հասկացել եմ, որ իրենից հնարավոր է ստանալ ռոբոտի օրգանիկ կերպարը: Նա մեր հանրության համար ոչ սովորական արտաքինով աղջիկ է, իսկ մեր ռոբոտը հենց այդպիսին պետք է լիներ:  Նաստյայի և Տարոնի խաղը չափազանց համոզիչ է ստացվել, և ֆիլմը դիտելիս դու հավատում ես նրանց միջև եղած սիրուն»: