Ապրիլի 28-ին դերասան Հովհաննես Դավթյանը Երևանում «Կաբlook» ներկայացմամբ վերջին անգամ էր ելույթ ունենում: Դերասանի խոսքով՝ Մարտի 8-ի առիթով ներկայացրած ստենդափը Հայաստանում դեռ կարող էր ներկայացնել, սակայն ինքը և իր թիմն ունեն իրենց հատուկ ձեռագիրը:
«Ինձ հաճախ են հարցնում՝ ինչու եմ սթենդափներս այդքան արագ հասանելի դարձնում, այն դեպքում, որ շատերը տարիներով հանդես են գալիս նույն ներկայացմամբ, ինքս էլ գիտակցում եմ, որ կարող եմ երկար նույն սդենթափով հանդես գալ, բայց հասկացել եմ, որ այն մտքերը, որոնք ցանկանում եմ իրականացնել շատ են: Իսկ ես ցանկանում եմ դրանք բոլորը տեղ հասցնել իմ հանդիսատեսին, միևնույն է, այն մարդը, ով սիրում է կենդանի գալ և դիտել, չի բավարարվելու յութուբյան հարթակով և հակառակը: Ինչպես նաև ինձ համար հաճելի է գիտակցելը, որ յութուբյան հարթակում տեղադրելով՝ նվեր եմ անում այն մարդկանց, ովքեր չեն կարող իրենց տոմս գնել հնարավիրություն թույլ տալ, ինչպես նաև Հայաստանում չգտնվողներին համար է սա ևս հաճելի նվեր է»,- ասել է դերասանը:
Նշենք, որ նա վերջերս էր վերադարձել եվրոպական հյուրախաղերից (Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Բասկերի երկիր), չնայած դրան՝ կարծում է, որ, ցավոք, ոչ բոլոր երկրներում կարող է հանդես գալ ներկայացմամբ.
«Ի վերջո, կան երկրներ, որոնք հայաշատ չեն, սակայն հայեր ապրում են, բայց մենք՝ արվեստի բնագավառի ներկայացուցիչներս, դժվար թե այդտեղ հանդես գալու հնարավորություն ունենանք: Շնորհիվ յութուբյան ալիքի՝ տեսնում եմ, թե դիտողների որքան մեծ աշխարհագրություն ունեմ, ինձ դա ոգևորում է, ինչի շնորհիվ էլ չեմ սրտնեղում, որ դիտավորյալ «փոքրացնում» եմ սդենդափներիս կյանքը: Ամեն անգամ հուզվում եմ ստացած մեկնաբանություններից. նշում են, որ Հայաստանի կարոտն են առնում ինձ դիտելով, իրենց տրամադրությունն են բարձրացնում. այս տեսակ մեկնաբանություններն անհամար են»:
Հովհաննեսի խոսքով՝ իր հաջողության գաղտնիքը նաև չափը չացնելն է.
«Կան թեմաներ, որոնց հստակ չափաբաժնով պետք է անդրադառնալ, ավելի հեռու չգնալ: Դա հիմնականում վերաբերում է սև, քաղաքական և 18+ հումորներին: Կարծում եմ, որ հասկանալի է, թե ինչու պետք չէ չափն անցնել այս թեմաների շրջանակում: Սևի դեպքում՝ որ համով լինի, չքննադատվի, 18+-ի՝ գռեհիկ չլինի, քաղաքականն էլ՝ շատ չանձնավորվի: Կարող եմ ասել, որ հիմնականում բոլոր թեմաներին անդրադառնում ենք, հումորը հումոր է մնում, սահմաններ չպետք է դնել, իհարկե, միաժամանակ, պետք է անձնական սահմանները չհատվեն, մարդկանց ինքնասիրությունը չվիրավորվի»:
Ըստ դերասանի՝ 10 տարիների ընթացքում իրենից վիրավորվողներ գրեթե չեն եղել, սակայն այսքան լավ վերաբերմունքի արժանանալու համար նաև երկար ճանապարհ է անցել.
«Սկզբում ավելի փոքր մասշտաբներով էի սկսել, ելույթ էի ունենում փոքր փաբերում, ապա ակումբներում, հետո ամեն բան փոխվեց: Որոշ ժամանակ հետո իմ ստենդափները հնարավոր էր դիտել տարբեր թատրոններում (վարձակալում էի դահլիճները), իսկ վերջին շրջանում արդեն ելույթ եմ ունենում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս 10 տարիների ընթացքում ուրախությամբ կարող եմ փաստել, որ իմ ելույթի հարթակները գնալով մեծանում են, իհարկե, դա միայն մեծացնում է իմ պատասխանատվությունը հանդիսատեսի առաջ»,- ասում է նա:
Հովհաննեը հպարտությամբ փաստում է, որ միայն Երևանում իր ստենդափները տարեկան գալիս է դիտելու մոտ 40.000-50.000 մարդ, այս թվին գումարվում են նաև հյուրախաղերն ու միլիոնավոր դիտումները YouTube-ում:
Հավելենք, որ «Կաբlook» ներկայացման մեջ Հովհաննես Դավթյանն անդրադարձել է կին-տղամարդ հարաբերություններին, կանանց և աղջիկներին, նրանց բնավորության յուրահատուկ կողմերին, որոնք տղամարդկանց համար տարօրինակ և անհասկանալի են.
«Դա, իհարկե, նորմալ է, քանի որ տղամարդիկ էլ կունենան բնավորության կողմեր, որոնք պակաս տարօրինակ չեն կանանց համար: Այդ հակադրությունների մասին է «Կաբlook»-ը: Ամեն բան վերցված է կյանքից: Ներկայացումից հետո թե ծանոթ, թե անծանոթ մարդիկ գրում են, որ շատ իրական էր, շատ իրենց տանից էր, իրենց առօրյայից»,-ասում է նա՝ հավելելով, որ արդեն 5-րդ տարին է, ինչ Մարտի 8-ի առիթով, ավանդաբար․ կանանց նոր ներկայացում է նվիրում, որոնք շատ սիրվում են նաև տղամարդկանց կողմից:
Նյութը` Լիլիթ Հակոբյանի