Երեկ Բոհեմ թատրոնում կայացավ դերասան Ռաֆայել Երանոսյանի թվով 3-րդ մոնոներկայացման՝ «Փահլևան»-ի առաջնախաղը, որն արդեն հասանելի է հանդիսատեսին, իսկ մոտակա ներկայացման տոմսերը գրեթե սպառված են։
Պրեմիերային ներկա էին մի շարք հայտնի հյուրեր, մասնավորապես Արամ MP3-ն և կինը, Գրիշա Աղախանյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Շատվերյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Մարիամ Ալեքսանյանը, Եվա Զոհրաբյանը և ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ։
Showbiz.am-ը նույնպես եղել է մոնոներկայացման պրեմիերային և ներկայացնում է մանրամասներն ու լուսանկարները։ Մոնոներկայացման հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Գարիկ Գևորգյանը և Գևորգ Սահակյանը, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Երաժշտական ձևավորումը՝ Վահե Գրիգորյանի, պաստառի գրաֆիկական դիզայն և լուսանկար՝ Արվին Քոչարյան։
Ռաֆայել Երանոսյանը ժամուկես կարողացավ ծիծաղեցնել հանդիսատեսին՝ ներգրավված լինելով ընթացքի մեջ, իսկ լրագրողների հետ զրույցում դերասանը նշեց՝ պետք է ամեն տեղ պահել հավասարակշռությունը։
«Ներկայացումն ու գաղափարը ծնվում է տաղանդավոր ընկերներիս օգնությամբ և հետագայում էլ իրենց հետ կյանքի կոչվում։ Մեզ հուզող հարցերի մասին մենք խոսում ենք այս հարթակից և համեմում ասելիքն ինձ հատուկ ոճով՝ հումորով։ Այնուամենայնիվ, թեմաներին և հումորին մոտենում ենք զգույշ և փորձում ենք համահունչ լինել թեմաներին և հումորներին։ Սա մեր աշխատանքն է և կարծում եմ, որ հուզող թեմաների մասին պետք է խոսենք այս հարթակից»,- նշեց Ռաֆայել Երանոսյանը։
Դերասանը նախորդ մոնոներկայացումներով ունեցել է շրջագայություններ. նախագծի պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը նշեց, որ այս ներկայացմամբ ևս պատրաստվում են շրջագայել։
«Կարող եմ ասել, որ պրեմիերան նոր է կայացել, բայց մեզ արդեն իսկ սպասում են արտերկրում և մենք ամենայն պատասխանատվությամբ և ուրախությամբ ենք խաղում այս ներկայացումն արտերկրում բնակվող հայ հանդիսատեսի համար։ Հայաստանում մենք տվել ենք մեկնարկն ու կարող եմ հավելել, որ առաջիկայում սպասվող ներկայացման տոմսերը գրեթե սպառվել են և հանդիսատեսը սպասում էր Ռաֆայելին բեմում»,- եզրափակեց Վահան Թովմասյանը։