«Փոքր ժամանակ երազում էի, որ լինեմ սիրված, ճանաչված դերասան, խաղամ պրեֆեսիոնալ բեմում, կարողանամ մարդկանց ժպիտ փոխանցել, այդ ամենն ունեմ, փառք Աստծո»,- «Նոր ալիք»-ի «Զավզակներ» հաղորդման շրջանակներում ասել է դերասան Ռաֆայել Երանոսյանը:
«Ես ինձ շատ չեմ սիրում տեսնել ու լսել: Եթե պրեմիերա լինի, ֆիլմը կնայեմ, բայց 2-րդ անգամ չեմ նայի, ձայնս իմ ականջին տարօրինակ է լսվում: Ես հիմա իմ սկեչերից շատ բան չեմ հիշում, որովհետև չեմ նայել»,- անկեղծացել է նա:
Անդրադառնալով հարսանիքներ վարելուն, դերասանը նշել է, որ մեծ հաճույքով է դա անում:
«Ցանկացած գործ, եթե անեմ ստիպված, ես դա չեմ անի: Եղել են դեպքեր, երբ հրաժարվել եմ հարսանիք վարելուց: Շատ կարևոր է տվյալ մարդկանց հետ առաջին հանդիպումը, եթե ծանոթության ժամանակ դրական էներգիան չի կպնում, գումարը եղանակ չի փոխում:
Զույգի հետ պարտադիր 1 շաբաթ կամ 10 օր առաջ հանդիպում եմ, տղայի հայրը, աղջկա հայրը կամ երբեմն մայրը նորապսակների հետ գալիս են, ծանոթանում, սուրճ ենք խմում, կենացներն ենք քննարկում: Եթե չես ճանաչում մարդուն, չգիտես ուր ես գնում, մի տեսակ արհեստական է լինում»,- ասել է դերասանը:
Խոսելով ավանդական հարսանիքներից՝ Ռաֆայել Երանոսյանը նշել է, որ շատ արարողությունների կողմ է, բաներ էլ կան՝ դեմ է:
«Օրինակ՝ առաջ ավանդույթ կար, որ նորապսակները մեղրամիսը պետք է անցկացնեին տանը: Պատկերացնո՞ւմ եք այդ աղջկա հոգեվիճակը: Հորաքույրները այնտեղ նստած, սպասում են, թե ինչ պետք է լինի, եթե երիտասարդները մի բան սխալ անեն, արագ գան օգնության: Պետք է երիտասարդներն առանձին գնան, իրենց ձեռքով իրենց մոմը վառեն:
Ավանդույթներ էլ կան, որ կողմ եմ: Օրինակ՝ մեղրի և լավաշի արարողությունը շատ գեղեցիկ է: Հարսի պարը ևս գեղեցիկ ավանդույթ է, բայց գումար բերելու արարողությունը չեմ սիրում, դեմ եմ»,- կարծիք է հայտնել Ռաֆայել Երանոսյանը:
Անդրադառնալով իր անձնականին՝ նա նշեց, որ ամուսնացած չէ, և սա այն հարցն է, որն արդեն ոչ միայն իրեն է հուզում, այլ՝ ազգի մեծամասնությանը:
«Այ տղա, եր՞բ ես ամուսնանալու, անընդհատ այդ հարցը քննարկվում է: Ես անընդհատ ասում եմ՝ շուտով, բայց ամեն անգամ իմ կյանքում ինչ-որ պահ է գալիս, որ չի ստացվում կամ ձգձգվում է: Ես էլ եմ շատ ուզում ունենալ իմ ընտանքիը: Երբ ես ամուսնանամ, իմ հարսանիքը լինելու է թափանցիկ ու բաց: Գուցե հրապարակում բեմ հավաքվի, բոլոր իմ ընկերները՝ դերասաններ, երգիչներ, գան և ուրախանան: Մենք հարս ու փեսայի նման կնստենք, վստահ եմ՝ մարդիկ կգան, կուտեն, կխմեն, լավ մաղթանքներ կասեն: Սարոն, Թաթան, Դումիկյանը կերգեն, Վիկան կպարի, ազգը կուրախանա»,- հաղորդման շրջանակներում ասել է դերասանը: