«Արաքսյա Մելիքյանն ինքնասպանության փորձ է արել»,- համացանցում երեկ նման վերնագրով նյութեր տարծվեցին: Թեմայի շուրջ Tert.am Life-ը զրուցել է դերասանուհու հետ, պարզել նման նյութեր տարածելու պատճառն ու նրա արձագանքը:
«Ենթադրում եմ, որ 5 տարի առաջ իմ տված հարցազրույցն է եղել պատճառը, որի ժամանակ հետևյալ արտահայտությունն եմ արել, որ քովիդի ժամանակ, երբ ընկերուհիս մահացավ և ես առանց բժշկի հետ խորհրդակցելու դեքսամետազոն էի օգտագործել և դա նման էր ինքնասպանության:
Լրագրողն այս դեպքում այնքան գրագիտություն չունի, որ ուղղակի խոսքը չի տարբերում փոխաբերական իմաստից: Տարիներ առաջ էլ եղավ նման հրապարակում, ես լուրջ չվերաբերվեցի, բայց երբ 5 տարի անց նորից վերհանում են նյութը, արդեն ծիծաղելի է:
Երբ 1 ժամվա մեջ տասնյակ զանգեր եմ ստանում, մարդիկ անհանգստացած հարցնում են՝ ինչ է եղել, դա ուղղակի հոգեկան սթրեսի կարող է մարդկանց հասցնել: Եթե անգամ ես լուրջ չեմ վերաբերվում այս ամենին, մոտ հարազատներս այլայլվել էին ինչ-որ մեկի անգրագիտության պատճառով:
Ինձ այսօր հարց տվեցին՝ բարեկամ տատիկներ չունե՞ս, ովքեր մտնում են ֆեյսբուք ու գիտեն, թե այնտեղ ինչ գրված է, ուրեմն՝ ճիշտ է: Պատկերացնո՞ւմ եք այդ խեղճ մարդիկ ինչ են ապրել: Դրա համար ես հերքումով վիդեո տեղադրեցի, դատական պրոցեսների հավես չունեմ, քանի որ գիտեմ մեզ մոտ ոչինչ չի աշխատում:
Ուզում եմ այս նյութը տարածողին ասել՝ ձեր լայքի և 200 դրամանոց ռեյտինգի համար ամոթ է մարդու սթրեսի ենթարկել առանց այն էլ այս սթրեսային դարաշրջանում: Անգրագիտության վերջին գագաթնակետն է: Դա լրատվություն չէ, նրանք անգրագետներ են: Էժանագին 2 կոպեկի պիառի համար լուրջ մասնագիտությունը հավասարեցնում են չգիտես ինչի: Դա նույնն է, որ մենք՝ դերասաններս ավարտում ենք ինստիտուտը, գնում ենք թատրոն, ու մեզ հետ այլ մասնագիտության տեր մարդիկ խաղում են ու խայտառակում բոլորիս»,- մեզ հետ զրույցում ասաց Արաքսյա Մելիքյանը: