«Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում այս աշխատանքին, սակայն գիտակցում եմ, որ հանդիսատեսը կարող է նաև չծիծաղել, ինչը նորմալ է, քանի որ իմ աշխատանքը նրանց «տաքացնելը» և բուն մոնոներկայացմանը նախապատրաստելն է»,- Showbiz.am-ի հետ զրույցում ասաց դերասան Վահան Թովմասյանը, ով Ռաֆայել Երանոսյանի նոր՝ «Փահլևանը» մոնոներկայացումից առաջ սթենդ ափով է հանդես գալիս:
Ըստ նրա՝ առաջինը ելույթ ունենալը հեշտ չէ.
«Այդ ծանրությունը սիրով վերցնում եմ ինձ վրա՝ գիտակցելով, որ արդեն հիմնական արտիստին, ով այս պարագայում Ռաֆայել Երանոսյանն է, ելույթ ունենալն ավելի հեշտ կլինի: Ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, հուսով եմ, որ մեզ մոտ էլ տարածում կգտնի: Հավատացեք՝ արտիստի համար ավելի հարմարավետ է այդ ձևով աշխատելը»:
Առհասարակ, Ռաֆայել Երանոսյանի հետ բեմը կիսելը, Վահանի կյանքում արդեն ավանդույթ է դարձել: Նրան կարելի էր տեսնել նաև Ռաֆայել Երանոսյանի նախորդ մոնոներկայացման ժամանակ:
«Փահլևանի» դեպքում Վահանը բեմից պատմում է իր մասին՝ հիշեցնելով իր հայտնի կերպարը՝ Մակարին.
«Չնայած «Բանակում» սերիալից ինձ դեռ հիշում են, սակայն շատ այլ աշխատանքներ էլ են արվել, հիմա էլ շուտով հեռուստաեթերում նոր սիթքոմ կլինի, որն ըստ մեր կանխատեսումների՝ ամենապահանջվածներից է լինելու: Իհարկե, նկարահանումները շատ եմ սիրում, սակայն բեմից ելույթ ունենալուց ամենամեծ էներգիան եմ ստանում, լիցքավորվում եմ»,- ասաց Վահանը:
Ըստ նրա՝ իրեն որպես սթենդ ափ ժանրի դերասան լավագույնս կարող են բացահայտել «Stand Up Level up» ձևաչափի շնորհիվ, որտեղ ինքը և դերասան Մհեր Մխիթարյանը հանդես են գալիս նաև որպես պրոդյուսերներ.
«Մենք պրոդյուսեր լինելուց բացի նաև բեմում ենք հանդես գալիս: Մեր շուրջը համախմբել ենք տարբեր նախագծերից և համացանցից հայտնի դեմքերի՝ Արմեն Սարգսյանին, Տիգրան Գևորգյանին, Վազգեն Օհանյանին, Նինա Տիտանյանին և Անդրանիկ Համբարձումյանին: Մեզ բոլորիս միացնում է մի բան. մենք բոլորս շատ ենք սիրում սթենդ ափ ժանրը: Ունենք կարևոր օրենք՝ մեր հումորը պետք է շատ ծիծաղելի լինի»,- ասաց դերասանը:
Նրա խոսքով՝ հաջողության հասնելու համար հաճախ փոխելու են սցենարները, չնայած՝ արձագանքների շնորհիվ հասկացել են, որ հանդիսատեսը սիրել է իրենց սթենդ ափները:
«Իհարկե, հանդիսատեսի արձագանքը մեզ ոգևորում է, սակայն, միևնույն է, մենք ցանկանում ենք նորություններով հաճախ ուրախացնել, ի վերջո, ժանրն էլ է դա պահանջում»,- եզրափակեց Վահանը:
Նյութը՝ Լուս Ավագյանի