Երեկ երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Գրիգորյանի ծննդյան տարեդարձն էր: Նրան շնորհավորել են շոու բիզնես ներկայացուցիչները: Նրա դուստրը՝ Մանե Գրիգորյանն Ինտագրամում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել.
«Մի քանի օր առաջ մենակ թատրոնում նստած մտածում եմ՝ ի՞նչ անեմ:
Կոմիտասի քո մշակումը մաքսիմալ փորձել ենք վերականգնել, արդեն բեմադրական փորձերն են ու անցումների համար մեղեդի է պետք, չեմ ուզում ուրիշը գրի, քոնն եմ ուզում լինի, 20-30 վայրկյան տևողությամբ անցումներ են պետք:
Նստած կռիվ եմ անում հետդ, հա, վերջերս շատ եմ կռվում: Դե որովհետև էս ամեն ինչը միասին պիտի անեինք, պիտի գայի 4-րդ հարկ ու ասեի՝ սենց անցումներ գրի, դու էլ ասեիր՝ դու մի խառնվի, գնա գործովդ զբաղվի, ես իմ ներկայացումը կվերականգնեմ ու կբեմադրեմ, ես իմ սիմֆոնիկ գործերը կընտրեմ ալբոմի համար, ես նոր մյուզիքլ կգրեմ:
Ես էլ նեղացած կիջնեի, կզանգեի մամային, կբողոքեի, կասեի՝ չեմ ուզում մենակ թղթերով զբաղվել, չի թողնում կարծիք ասեմ, գոռում ա իմ վրա, բայց դե հետո, հետո հենց նվագեիր, աշխարհն էլի իմը կդառնար ու կմոռանայի, որ 5 րոպե առաջ լացում էի նեղացած:
Կռվում եմ ու 2011 թվականի «Կոմիտաս» ներկայացման փորձերի վատ որակով նկարածս վիդեոներն եմ նայում, երբ դեռ դահլիճ չէիք իջել ու դեռ էս անսահման տիեզերական մշակման ստեղծելու պրոցեսն էր, և հանկարծ լսում եմ էս մեղեդին:
Էլի պապ, էլի դու ուղարկեցիր պատասխանը, գտա անցման համար մեղեդիդ:
Շատ եմ կռվում հետդ, կներես, շատ եմ կարոտել նվագելդ, գոռալդ, գրկելդ, հոտդ, ճակատս պաչելդ ու աչքերիս մեջ նայելով, միանգամից ամեն ինչը հասկանալդ: Էսօր քո օրն է»,- գրել է Մանեն: