Մահացել է ֆրանսիական կինոյի աստղ Ալեն Դելոնը

Մահացել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը. այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով AFP-ին։

Արտիստը 88 տարեկան էր։ Նրա ընտանիքը դեռ մանրամասներ չի հայտնում։

Ուղիղ մեկ ամիս առաջ ֆրանսիական կինոյի աստղի դուստրը` Անուշկա Դելոնը, հրապարակել էր իր ծանր հիվանդ հոր լուսանկարները, ում մոտ ախտորոշվել է քաղցկեղ և Ալցհեյմերի հիվանդություն. կինը հավելել է, որ լուսանկարներն արվել են հոր համաձայնությամբ։

Բացի Անուշկայից, Ալեն Դելոնն ունի երկու որդի՝ Էնթոնին և Ալեն-Ֆաբիենը։

Հունիսին Անուշկան իր անձնական բլոգում դիմել էր հորը՝ հուզիչ գրառում անելով և կիսվելով արխիվային սև ու սպիտակ լուսանկարով, որում համբուրում էր հոր ձեռքը։

Ալեն Դելոնի որդին ավելի վաղ հայտնել էր, որ հայրը մտածում էր էվթանազիայի մասին։ Իսկ ինքը՝ դերասանը, խոստովանել է, որ դիտարկում է այս տարբերակը՝ նշելով, որ տարիքի հետ մարդ «իրավունք ունի լքելու այս աշխարհը հանգիստ, առանց հիվանդանոցների և ներարկումների»։