«Բամբիռ»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը

«Բամբիռ» խումբը (The Bambir) այսօր թողարկել է իր թվով 12-րդ՝ «Մանկական Խաղեր» ալբոմը։ Խմբի երկար սպասված ալբոմն անդրադառնում է մանկական անմեղության և չափահասության ժամանակ այցելող հիասթափության բախմանը։ Գրում է Panorama.am-ը:

«Մանկական Խաղեր» ալբոմը դուրս է ռոքի ավանդական պատկերացումներից։ Համադրելով անզուսպ անկեղծությունը և փորձարարական հնչյունները՝ այն ընդլայնում է ժանրի սահմանները։ Ալբոմն անդրադառնում է այն անմիտ դաժանություններին և տանջանքներին, որոնք չափահաս մարդիկ վերապրում են՝ չհասունանալով թե՛ իրենց, թե՛ մյուսների հանդեպ։

«Մենք ցանկանում էինք ստեղծել մի բան, որը կլինի թե՛ խորը անձնական, թե՛ հավաքական։ Այս ալբոմը ճանապարհորդություն է չափահասության մութ անկյուններով, որը բացահայտում է մանկության ազդեցությունն ու դրա կարևորությունն ապագա կյանքի ձևավորման գործում» – ասում է ալբոմի պրոդյուսեր Նարեկ Բարսեղյանը։

Ալբոմի երգացանկը

1. Փակ շուրջպար – Այստեղ հյուսվում են ռոքը, հումորը և էթնիկ ազդեցությունները։ Այս երգը սահմանում է ալբոմի ոճն ու տրամադրությունը։

2. Թռնենք – Երգ, որը մարտահրավեր է նետում վախին սիրո միջոցով։

3. Մանկական խաղեր – 2000-ականների սկզբին թողարկված ստեղծագործության նոր մշակումը։ Անդրադարձ մանկության ազդեցությանը չափահասության վրա։

4. Ամենեցուն – Ռոք բալլադ, որը կապանքներից ազատվելու և ներելու կոչ է անում։

5. Ուր էիր – Երգ հետհայացք՝ հեքիաթային տրամադրությամբ։

6. Տուր ինձ – Ալբոմի պայթունային առաջին սինգլն է ծանր (hard) ռոք ոճում։

7. Դժվար է – Բանականության պայքարի ուսումնասիրություն՝ փորձարարական ռոք մոտիվներով։

8. Խնդաս գը – Հասարակության մանիպուլյացիայի և ապակողմնորոշման քննադատական վերլուծություն։

«Մանկական Խաղեր»-ը խոստանում է հեղափոխական ռոքային փորձառություն։ Ալբոմի պրոդյուսերները Սեմ Սարյանը և Նարեկ Բարսեղյանն են։ Ալբոմը ձայնագրվել է The Meeting Point ստուդիայում։ Մաստերինգը կատարվել է Լևոն Նավասարդյանի կողմից։

Աղբյուր` Panorama.am