Մեթյու Փերիի մահվան մեջ մեղադրվող բժիշկն իրեն մեղավոր է ճանաչել

Մեթյու Փերիի մահվան մեջ մեղադրվող երրորդ անձը՝ Մարկ Չավեսը, իրեն մեղավոր է ճանաչել։ Նա մեղադրվում է կետամինի ապօրինի տարածման մեջ։

Այն բանից հետո, երբ Չավեսն ընդունել է իր մեղքը, նա գրավի դիմաց ազատ է արձակվել և ինքնուրույն լքել դատարանի դահլիճը։ Բժիշկին ավելի ուշ կդատապարտեն։ Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում, գրում է People-ը։

Իր գրավոր խոստովանության մեջ Չավեսը, ով ղեկավարում էր կլինիկան, ասել է, որ ինքը դեղը վաճառել է դոկտոր Սալվադոր Պլասենսիային՝ գործով մյուս մեղադրյալներից մեկին, ով անզգայացուցիչը վերավաճառել է Փերիի օգնական Քենեթ Իվամասային: Ընդհանուր առմամբ, Մեթյու Փերիի մահվան գործով հինգ մեղադրյալ է ճանաչվել։ Նրանցից երկուսը դեռ չեն ընդունել իրենց մեղքը։

Մեթյու Փերին մահացել է անցյալ տարվա հոկտեմբերի 28-ին։ Նրան մահացած են գտել իր տան ջակուզիում։