Telegram-ի համահիմնադիր Դուրովի ընկերուհին կորցրել է երեխային՝ Դուրովին կալանավորելու հետ կապված սթրեսի պատճառով

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի ընկերուհին՝ Յուլյա Վավիլովան, կորցրել է երեխային՝ Փարիզում Դուրովին կալանավորելու հետ կապված սթրեսի պատճառով, այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Դուրովը։

«Յուլյան տոկուն էր: Բայց, ի տարբերություն ինձ, նա սովոր չէր ճնշումներին: Նա ստեղծված չէր պատերազմի համար: Երկու օր առաջ նա այցելեց բժշկի, որը հետևում էր նրա հղիությանը: Ես 12-ժամյա աշխատանքային օր ունեի, երբ Յուլյան ինձ հաղորդագրություն ուղարկեց բժշկի կաբինետից, ես անմիջապես հասկացա, թե ինչ է եղել»,- գրել է նա։

Դուրովի խոսքով՝ Վավիլովայի հղիության մասին լուրը նա իմացել է փաստաբանից՝ Ֆրանսիայում հարցաքննությունների միջև ընդմիջումների ժամանակ։ Նա նաև նշել է, որ մեծ ճնշում է գործադրվել ընկերուհու վրա և նույնիսկ լուրեր են տարածվել Մոսադի հետ նրա կապերի մասին։