Հայաստանի պատվիրակ Իրինա Զախարովան հրաժարվել է «Միսս Տիեզերք» մրցույթին մասնակցությունից

Իրինա Զախարովան հրաժարվել է «Միսս տիեզերք» մրցույթի մասնակցությունից։ Այս մասին հայտարարություն է տարածվել «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթի ինստագրամյան էջում։

Նշվում է, որ պատճառը Իրինա Զախարովայի ընտանեկան հանգամանքներն են։

«Մենք պատրաստության երկար ճանապարհ ենք անցել և վճռական էինք լավագույնս ներկայանալու հարցում։ Սակայն ընտանեկան հանգամանքների պատճառով Իրինան դժվար որոշում կայացրեց` հրաժարվել մասնակցությունից»,– ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Միսս տիեզերք» մրցույթում այս տարի Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել ազգությամբ ռուս Իրինա Զախարովան: «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթն էլ այս տարի անցկացվել էր ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում:

Միաժամանակ «Միսս տիեզերք Արմենիա»-ի ադմինիստրացիայից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Իրինա Զախարովան ապրում է Երևանում, որտեղ հիմնել է իրավաբանական ընկերություն, սկսել է հայերեն սովորել, անգամ մրցույթի եզրափակիչ փուլում հայերենով քնարական երգ է կատարել։