Համացանցում տարածվել է Լոբոդայի՝ 2022-ին Երևանում կայացած համերգից մի հատված, որում աստղը ներկաներից մեկից «պահանջում է» դատապարտել ՌԴ-ին (տեսանյութ)

Համացանցում տարածվել է երգչուհի Սվետլանա Լոբոդայի՝ 2022-ին Երևանում կայացած համերգից մի հատված, որում աստղը ներկաներից մեկից «պահանջում է» բեմից դատապարտել «ՌԴ-ի անողոք ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի»:

Ինչպես գրում է gazeta.ru-ն, տեսանյութին ուշադրություն են դարձրել Դուբայում Լոբոդայի կայանալիք համերգի կազմակերպիչները՝ երգչուհուց պահանջելով հրաժարվել քաղաքական հայտարարություններից։ Նրանք Լոբոդային զգուշացրել են, որ եթե երևանյան համերգի միջադեպը կրկնվի իրենց միջոցառման ժամանակ, երգչուհին կկորցնի ԱՄԷ-ում գումար աշխատելու հնարավորությունը։

Երգչուհու թիմից Mash թելեգրամյան ալիքին հայտնել են, որ Լոբոդան համաձայնել է կազմակերպիչների պայմաններին, քանի որ «հաշվի է առել եկամուտների կրճատումը»։

Լոբոդան երևանյան համերգի ժամանակ ներկաներից մեկից «պահանջել էր» բեմից դատապարտել «ՌԴ-ի անողոք ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի»:

«Ուզում եմ ասեք՝ կողմ եմ, որ ՌԴ-ի կառավարությունը դադարեցնի այս սարսափելի, անողոք պատերազմն ընդդեմ Ուկրաինայի», – ասել էր ուկրաինացի աստղը՝ դիմելով բեմ բարձրացած երկրպագուին:

Սակայն հյուրը հրաժարվել էր՝ շեշտելով, որ եկել է երաժշտություն լսելու, ոչ թե քաղաքականությունից խոսելու։

«Այդ դեպքում ես Ձեզ բաց եմ թողնում ու Ձեզ հետ այլևս չեմ խոսելու: Դուք եկել եք իմ համերգին, ինչը նշանակում է, որ պետք է աջակցեք իմ դիրքորոշմանը, որովհետև իմ համերգներին եկող մարդիկ աջակցում են խաղաղությանը», -ասել էր Լոբոդան։