Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագը վստահ է՝ երիտասարդ մնալու և լավ խաղալու համար պետք է լավ քնել և ճիշտ սնվել։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գիրք գրել։ Այս մասին Մխիթարյանը պատմել է իտալական Corriere della Sera օրաթերթին տված հարցազրույցում։
«Դեռ նոր եմ սկսել, շատ բան ունեմ պատմելու իմ կարիերայի և կյանքի մասին»,- նշել է ֆուտբոլիստը։
Նա հայտնել է նաև, որ սիրում է գիրք կարդալ ու այժմ էլ Զինեդին Զիդանի ինքնակենսագրականն է կարդում, մինչ այդ էլ ավարտել է մի գիրք, որտեղ խոսվում էր կյանքում 5 կարևոր նպատակի մասին։
Մխիթարյանը հարցազրույցում խոսել է նաև իր երիտասարդ մնալու գաղտնիքի մասին, քանի որ նա այժմ թիմի տարիքով ավագ խաղացողներից է։
«Ամեն ինչ չեմ բացահայտի (ժպտում է – հեղ․)։ Փորձում եմ լավ քնել, ճիշտ սնվել՝ խուսափելով գլյուտենից, շաքարից, լակտոզայից՝ մեր սննդաբան Պինչելլայի խորհրդով։ Կա նաև գլխավոր կողմը՝ լավ մարզվելը»,- ասել է նա։
«Ինտերի» կիսապաշտպանից հետաքրքրվել են` արդյոք չի ազդում իր հոգեբանության վրա այն, որ եթե վատ խաղա, կարող են ասել՝ ծեր է։ Վստահեցրել է՝ բավականաչափ հանգիստ և խելացի է դա հասկանալու համար, իսկ տարիքը միայն թիվ է, եթե խաղը չեն հաղթում, ապա պատճառը տարիքը չէ։