«Երբ աղջիկս՝ Արիանան ծնվել էր, սոցիումի կարգադրանքն ու թելադրանքն էր, որ պետք է աշխատանքից դուրս գաս և ամբողջովին հասկանաս, թե մայրությունն ինչ է:
Եվ այդպես էլ եղավ: Ես 2 տարի չէի աշխատում: Կարծես ես ամեն ինչ ունեի՝ ընտանիք, սիրող ամուսին, երեխա էր ծնվել, բայց ես լիովին երջանիկ չէի, ինչ-որ բաց կար: Երբ ես դա ընկալեցի, դուրս եկա աշխատանքի, ես հասկացա, որ հիմա ես լիարժեք եմ:
Երբ երխաները մեծանան, հաստատ դա չեն գնահատելու, չեն էլ հիշելու դրա մասին: Իրենք պարզապես տեսնելու են ոչ լիարժեք մայրիկ»,- «Deep Parenting» փոդքասթի շրջանակներում՝ խոսելով ծնողության ամենադժվար ու լավ կողմերից ասել է մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանը:
Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:
«Ես չեմ ասում, որ 24 ժամ աշխատում եմ, այդպես չէ, ես աշխատանքից հետո վազում եմ երեկոները նրանց հետ անցկացնելու: Ընկերական շրջապատն է երբեմն տուժում, բայց ինչ-որ բանից պետք է հրաժարվես, նժարի վրա դնես ու հասկանաս, թե որտեղ է քեզ համար ավելի կարևոր:
Ես երեկոները ուզում եմ տուն գնալ: Կար տարիք, որ ես երեկոյան ուզում էի դուրս գալ ընկերներիս հետ և ունեի այդ հնարավորությունը, միգուցե դրա համար էլ այսօր ուզում եմ գալ տուն:
Յուրաքանչյուր տարիքում պետք է կարողանաս ճիշտ օգտագործել հնարավորությունները: Չենք մոռանում, որ ես ու ամուսինս էլ պետք է միասին ժամանակ անցկացնենք, շաբաթը մեկ անգամ երեկոյան պետք է դուրս գանք ընթրիքի: Յուրքանչյուրս պետք է կարողանանք ժամանակը ճիշտ կառավարել և անել այն, ինչ մենք ենք ուզում:
Իմ օրվա երջանիկ պահն այն է, որ երեկոյան ես ու ամուսինս գալիս ենք տուն, ու մենք՝ բոլորս ինչ-որ խաղ ենք խաղում միասին: Երեխաներն էլ են սպասում անհամբեր»,- պատմել է Լուսինե Թովմասյանը: