Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը կկայանա նրա մասին պատմող ֆիլմի երևանյան պրեմիերան

Հունվարի 9-ին՝ Սերգեյ Փարաջանով ծննդյան օրը, կկայանա «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի երևանյան պրեմիերան: Հենց այդ օրվանից սկսած Փարաջանովի 100-ամյակին նվիրված ֆիլմը կբարձրանա էկրաններ:

Փարաջանովին նվիրված ֆիլմի պրեմիերան կայացել էր Վենիտիկում, ինչին հաջորդել են ցուցադրություններ Բելգիայում, Սերբիայում, Արգենտինայում: Ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյանի խոսքերով՝ իրենք մեծ հույսեր ունեն, որ այս ֆիլմը կօգնի երիտասարդներին ավելի լավ ճանաչել Փարաջանովին, իսկ Փարաջանովն ուղղորդող կլինի նրանց կյանքում

«Սերգեյ Փարաջանովի հետ ծանոթության միջոցով ֆիլմում արծարծվում են նաև ազգային խնդիրներ և, ընդհանուր առմամբ, արտացոլվում է անցյալի և իրականի զուգահեռը՝ թե արվեստի, և թե քաղաքական տեսակետից: Մենք վստահ ենք, որ երիտասարդ սերունդը կկարողանա գտնել հրատապ հարցերի պատասխանների վեկտոր Սերգեյ Փարաջանովի օգնությամբ և հատկապես՝ նրա կատարած ընտրությունների օրինակով իր կյանքի դժվարին պահերին: Մենք դրանում արդեն իսկ համոզվում ենք, օրինակ՝ Նեապոլում երիտասարդները ցուցադրությունից հետո մեկ ժամ հարցեր էին տալիս, շնորհակալություն էին հայտնում՝ նշելով, որ ճանաչեցին Փարաջանովին: Ըստ նրանց՝ ծանոթացան մեր տարածաշրջանի խնդիրների հետ:»,- Showbiz.am-ի հետ զրույցում ասաց Զառա Ջյանը:

Ըստ ռեժիսորի՝ ինքը զգացողություն ուներ, որ Փարաջանովը, կարծես, օգնում էր իրեն այս ֆիլմը ստեղծելիս: «Բոլոր հերոսները մեր կյանք եկան շատ սահուն։ Ատոմ Էգոյանին, Տարսեմ Սինգհին, Չուլպան Խամատովային, Լորա Գուերային, Էմիր Կուստուրիցային, Ժուել Շապրոնին, Ալի Խամրաևին, Լևոն Աբրահամյանին և մեր մեծագույն ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նկարահանելը հեշտ չէր: ֆիլմի առաջին հատվածում հերոսների հետ վերհիշում ենք Փարաջանովին, որոնցից շատերն իր ընկերներն են եղել, բայց, իհարկե, կան հերոսներ, որոնք անձամբ չեն ճանաչել Փարաջանովին, սակայն վերջինս ոգեշնչել է նրանց, օրինակ ծառայել: Այս ֆիլմոմ շեշտադրում ենք Փարաջանովի՝ օրինակ ծառայելու գաղափարը»,- նշում նա:

Այս ֆիլմը դարձել է միջազգային. Զառա Ջյանը, ով նաև ֆիլմի հեղինակը և հապրոդյուսերներից մեկն է, զրույցում ասաց, որ մեկնել էր Սերբիա և Արգենտինա:

«Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնից հետո, որտեղ ընդգրկված էինք պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում, հաջող ցուցադրություն ունեցանք նաև Բելգիայում: Հոկտեմբերի 14-18 մասնակցեցինք հեղինակավոր «Film Fest Gent»-ին: Նույն ջերմ ընդունելությանն արժանացանք նաև Սերբիայում, որտեղ մասնակցում էինք «Belgrade Auteur’s Film Festival»-ին: Հատկանշական էր մեր մասնակցությունը Արգենտինայում տեղի ունեցող «Mar del Plata International Film Festival»-ին: Պատմական պահ էր, քանի որ Սերգեյ Փարաջանովը 59 տարի անց մեր ֆիլմով «վերադարձել» էր տվյալ փառատոն: 1965 թվականին Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ստացել էր փառատոնի գլխավոր մրցանակը: Փարաջանովի 100-ամյակի առիթով մեր ֆիլմը ընգրկված էր նրան նվիրված ծրագրի մեջ»,- նշեց ֆիլմի ռեժիսոր , ով այս պահին Արգենտինայից վերադառնում էր Երևան:

Հավելենք, որ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» ֆիլմի պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա, սակայն դասական ինքնակենսագրական չէ: «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմը բաղկացած է հարցազրույցներից: Հերոսները բաժանված են 3 խմբի. հետխորհրդային ժամանակի մշակութային գործիչներ, Ս․ Փարաջանովի գործընկերներ և ընկերներ, միջազգային մշակութային գործիչներ: Բոլոր հերոսներին միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը:

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» ֆիլմը սկսվում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից` լքել այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել: Փարաջանովի տուն- թանգարանը դառնում է ոգեշնչման վայր (հիմնված իրական իրադարձությունների վրա)։ Ֆիլմում անցյալը հանդիպում է ներկային։

Փարաջանովի կյանքի և ստեղծագործության միջոցով և հենց նրա հետ միասին կհետազոտվեն այնպիսի հարցեր ինչպիսինն են մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, ինչպես են փշալարերը և պատերազմները ազդում մշակույթի և մշակույթային գործիչների վրա, որն է գուցե միակ ճիշտ ընտրությունը տոկսիկ իրականության պայմաններում և այլն: Կյանքն ու ստեղծագործելը պետք է գոյություն ունեն՝ չնայած արգելքներին և բռնապետություններին:

Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Ֆիլմի պրոդյուսերներն են՝ Անի Որսկանյանը, Զառա Ջյանը։ Ֆիլմի ֆրանսիական համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը: Նախագծին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ԿԳՄՍ Նախարարությունը, ինչպես նաև ֆիլմի համաարտադրող՝ Ֆրանսիական CNC և Cine+ կազմակերպությունները։

Նյութը՝ Լուս Ավագյանի